ԱՄՆ-ը և Հարավային Կորեան բարձրացրել են զինպատրաստվածությունը

Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար գեներալ Չոն Սին Չոն և ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Ջեյմս Տուրմանը ստորագրել են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) սադրանքների դեմ պայքարի նախագիծ, հայտնում է rosbalt.ru-ն։

Շնորհիվ այս նախագծի, նշվում է փաստաթղթում, «դաշնակիցները բարձրացրել են զինպատրաստվածությունը Փհենյանի կողմից ցանկացած սադրանքին անհապաղ և վճռական արձագանքելու համար»։

«Գործողությունների պլանը նախատեսում է երկու երկրների միջև միջոցառումներ ընդունելու և խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ համաձայնեցված գործընթաց, որն ապահովում է հզոր և վճռական պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից հնչած սպառնալիքներին»,- ասվում է տեքստում։

Կորեական թերակղզում իրավիճակը լրջորեն բարդացել է փետրվարի 12-ին ԿԺԴՀ-ում 3-րդ ընդհատակյա միջուկային փորձարկումներ անցկացնելուց հետո։ Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրել է Փհենյանի դեմ միջազգային հանրության պատժամիջոցները, ԿԺԴՀ-ն գրեթե յուրաքանչյուր օր հանդես է գալիս Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի դեմ սպառնալիքներով։

Մեկնաբանել