Արթուր Աբրահամը կորցրեց չեմպիոնական գոտին (տեսանյութ)

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացած մենամարտում Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին։ Մենամարտն ընդամենը 3 ռաունդ տևեց։

Առաջին ռաունդում Շտիգլիցը շատ ակտիվ էր։ Երկրորդ ռաունդը ևս Արթուրը սկսեց պաշտպանությունից, սակայն բռնցքամարտիկները մի քանի հարվածներ հասցրին միմյանց։ Հարվածների արդյունքում 33-ամյա Աբրահամն աչքի վնասվածք ստացավ։ 3-րդ ռաունդում Շտիգլիցը փորձեց օգտագործել այդ հանգամանքն ու արագ առավելության հասնել մրցակցի նկատմամբ. գերմանացին ռինգում բավական ակտիվ էր։ Բժիշկը զննեց Աբրահամի այտուցված աչքը և դադարեցրեց մենամարտը։ 31-ամյա Շտիգլիցը հաղթեց տեխնիկական նոկաուտով. Աբրահամը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։

Հիշեցնենք, որ այս 2 բռնցքամարտիկներն առաջին անգամ միմյանց հետ մենամարտել էին նախորդ տարվա օգոստոսի 25-ին։ Այդ ժամանակ Աբրահամը հիանալի մենամարտ էր անցկացրել ու հաղթել մրցակցին՝ խլելով Շտիգլիցին պատկանող WBO տարբերակով աշխարհի չեմպիոնական գոտին։

http://youtu.be/dGnFtB03CaY

Մեկնաբանել