Քայլող մարդը

Կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Կոմիտաս» քանդակը ջարդեցին Խորհրդային Հայաստանում: Անկախ Հայաստան նա ցանկացավ վերադառնալ իր «Քայլող մարդով», բայց…

Արտո Չաքմաքչյանը տասնհինգ տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Խորհրդային Հայաստան: Նա ծնվել է 1933թ. Կահիրեում, քանդակով սկսել է զբաղվել տասներկու տարեկանից: Քանդակագործություն և գեղանկարչություն է ուսանել Երևանի Գեղարվեստի ինստիտուտում: 1964թ. Մոսկվայի Խաղաղության կոմիտեի մրցանակաբաշխությանը արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար: Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի և աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում: 2004թ. Հայաստանի նախագահի կողմից նրան շնորհվել է «Մովսես Խորենացի» պետական շքանշանը: 2009թ. Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը նրան պարգևատրել է «Նարեկացի» մեդալով:

Քանդակագործի կենսագրության մեջ և արվեստում հատուկ տեղ են գրավում Կոմիտասի և Նարեկացու արձանները: Նրա Կոմիտասներից մեկին ոչնչացրին Խորհրդային Հայատանում: Հենց սա էր հայրենիքից հեռանալու պատճառը։

«Ես հինգ օր և հինգ գիշեր աշխատելով՝ պատրաստեցի Կոմիտասի երեքմետրանոց արձանը, որը Կոմիտասի անվան պողոտայի սկզբում տեղադրեցի: Երեք-չորս օր անց այլևս չկար այդ արձանը… Վերցրել և շպրտել էին արվեստանոցիս առաջ: Իմ աչքերը չէին կարող տեսնել այդ բեկորները գետնին փռված: Ինքս տրակտոր բերեցի և գետնին հավասարեցրի, որ կարողանամ հանգիստ քնել: Երկու օր հետո ՊԱԿ-ը ինձ կանչեց, ցույց տվեց Կոմիտասի նկարը, որում նա պատկերված էր Գերմանիայում՝ կոստյումը հագին: Ասացին, որ եթե կոստյումով պատրաստեմ, կընդունեն, բայց եկեղեցական հանդերձանքով չեն կարող ընդունել: Ասացի, որ ես քանդակագործ եմ, իսկ իրենք դերձակությունից են խոսում: Դրանով փակվեց Կոմիտասի հարցը: Ես 1974թ. դուրս եմ եկել Հայաստանից և բարձրաձայն կարող եմ ասել՝ դուրս եմ եկել, որովհետև շատ եմ սիրում Հայաստանը»,– վերհիշում է Չաքմաքչյանը։

Քանդակագործը մեկնել է Կանադա, ընտանիքով հաստատվել Մոնրեալում, որտեղ ապրում է առ այսօր: 1978-ից սկսած՝ քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեկի համալսարանում: Իսկ «Կոմիտասն» այսօր տեղադրված է Դեթրոյթի «Վերածնունդ» հրապարակում:

Արտո Չաքմաքչյանի բազմաթիվ «Կոմիտասներից» միայն մեկն է Հայաստանում՝ կիսանդրին, որը հանգրվան է գտել Երևանի հյուրանոցներից մեկում: «Եթե ուշադրություն դարձնենք նրա աչքերին, ապա կտեսնենք, որ դրանք բացված նայում են ամբողջ հայ ժողովրդին: Նրա բերանի բացվածքը կարծես երգ է տալիս»,– ասում է Չաքմաքչյանը իր՝ «Կոմիտաս. Եղեռն» քանդակի մասին։

2010թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպեց Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անհատների ցուցահանդեսներ հազվադեպ է կազմակերպում։ «Ինձ համար արտասովոր էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց կազմակերպել իմ ցուցահանդեսը և խնդրեց, որ այն ներկայացվի իմ երկրի կողմից։ Ես կարող էի ներկայացնել Կանադան՝ իբրև իմ երկիր, քանի որ այնտեղի քաղաքացի եմ։ Բայց հոգով ես Հայաստանի զավակ եմ, այստեղից եմ սնվում։ Ուզեցի, որ անպայման հայի անունը հնչի ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճներում։ Ուրախ եմ, որ կատարվեց իմ բաղձանքը»,– ասում է նա:

Բացումը կատարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը: Աշխարհի շատ թանգարաններում ու քաղաքներում զետեղված գործեր ունեցող քանդակագործի ցուցահանդեսում, որի բացման արարողությանը ներկա են եղել տասնյակ երկրների դեսպաններ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, ներկայացվել են վարպետի քանդակները, այդ թվում՝ խորհրդային տարիներին ստեղծված և երբևէ չցուցադրված նմուշներ։

Մի քանի տարի առաջ Արտո Չաքմաքչյանն իր «Քայլող մարդը» քանդակը նվիրել է Հայաստանին: «Քայլող մարդու գաղափարն էլ մեր ժողովրդի հետ է կապված: Որ մենք սկսել ենք արթնանալ, զարգանալ, առաջընթաց քայլ ենք անում: Քայլող մարդը դա է խորհրդանշում»,– ասում է հեղինակը:

2007թ. որոշվել էր արձանը տեղադրել Հյուսիսային պողոտայում: Դեռևս երկու տարի առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը Մարիաննա Աբրահամյանի և Անժելա Ֆրանգյանի նկարահանած «Կարևորը կանգառն է» տեսաֆիլմում՝ նվիրված Արտո Չաքմաքչյանին, խոստացել էր, որ շուտով կտեսնենք արձանը Հայաստանում: «Արտո Չաքմաքչյանի քանդակը պիտի լինի այստեղ (Հյուսիսային պողոտայում – խմբ.), դա մեր կոնցեպցիայի մի մասն է: Առաջին առաջարկությունը, որ ես արեցի Արտո Չաքմաքչյանին, հինգ տարի առաջ էր, նա, իհարկե, պատանու խանդավառությամբ ընդունեց առաջարկը և բավական երկար ժամանակ աշխատեց: Այնուհետև մենք կոնկրետ տեղն ենք ընտրել: Դա պետք է լինի պողոտայի առաջին մասում: Պարզապես այս ծրագրերը փոքր-ինչ հապաղեցին՝ կապված ընդհանուր ճգնաժամի հետ: Շինարարական գործընթացները զգալի դանդաղեցին, և վստահ կարող եմ ասել, որ այս տարի մենք արդեն առաջին քայլերը կանենք այդ ուղղությամբ»,– ասում է ճարտարապետը ֆիլմում:

Արտո Չաքմաքչյանը վստահ էր, որ նվիրումը երկկողմանի է: «Երբ մեկը սրտանց նվիրում է, դիմացինն էլ պիտի սրտանց ընդունի…»: Սակայն Նարեկ Սարգսյանի հետ զրույցից անցել է ևս երկու տարի: Արվեստագետն ափսոսանք է զգում, բայց այլևս չի խոսում այդ մասին: Շուտով Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը հանգրվան կգտնի Փարիզում։

Անժելա Ֆրանգյան,
Մարիա Հովսեփյան

Մեկնաբանել