ԱԱԾ-ն Աշոտյանի ծառայությունն է. Ս. Զոլյան

Ազգային անվտանգության ծառայությունը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ծառայությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը` նշելով, որ իրեն ԱԱԾ հրավիրելը հենց նրա պատվերն է:

Զոլյանի խոսքով՝ 2013թ. հունվարի 13-23-ը ԿԳՆ-ն ԵՊԼՀ-ում իրականացրել է աուդիտ և խախտումներ հայտնաբերել, ինչի հետևանքով դրանց մասին հաղորդում է ուղարկել ԱԱԾ:

«Զարմանալի է այն փաստը, որ գործն ուղարկվել է ԱԱԾ և ոչ թե դատարան, ինչը նախատեսում է օրենքը»,- ասաց Զոլյանը` նշելով, որ աուդիտի ժամանակ ԿԳ ներկայացուցիչները գտել են արվեստի գործեր և հայտարարել, թե դրանք շատ բարձր են գնահատվել: Նրա խոսքով` արվեստի գործերից մեկը պատկանում է Եվրոպայում շատ հայտնի նկարչի, որի դիմաց ինքը վճարել է 930 հազ. դրամ, մինչդեռ ԿԳ-ն այն գնահատել է 130 հազ. դրամ: Զոլյանը նշեց, որ ԵՊԼՀ-ի ձեռք բերած ևս 3 նկար և 20 գրաֆիկական գործ պատկանում են իր քրոջը՝ Արմինե Զոլյանին, որը Եվրոպայի նկարիչների միության անդամ է. այդ գործերի դիմաց նրանք վճարել են 1,23 մլն դրամ, իսկ ԿԳ-ն գնահատել է 500 հազ. դրամ:

ԵՊԼՀ նախկին ռեկտորն ասաց, որ այս պահի դրությամբ իրեն դեռ մեղադրանք չի ներկայացվել, միայն ԱԱԾ է կանչվել բացատրություն տալու համար: Նա նաև նշեց, որ մտադիր է վերոնշյալ նկարների ցուցահանդեսը կազմակերպել, որին կհրավիրվեն լրագրողներ և արվեստագետներ` գնահատելու դրանց իրական արժեքը:

Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանը օրերս` մարտի 25-ին, ԱԱԾ-ում բացատրություն տալու երկրորդ ծանուցագիրն էր ստացել՝ ԵՊԼՀ ՊՈԱԿ-ի վերաբերյալ բացատրություններ տալու համար:

Մեկնաբանել