28 մարտ, 2013 17:55

Երևանում տրանսպորտի ուղեվարձը կմնա անփոփոխ. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել մասնավոր ընկերությունների կողմից ներկրված  նոր ավտոբուսների հերթական խմբաքանակը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Պատասխանատուներն  ավտոբուսներով կատարած պտույտի ընթացքում քաղաքապետին ներկայացրել են դրանց տեխնիկական հնարավորություններն ու ուղևորների համար ստեղծված պայմանները:

2012թ. սկզբից մինչ օրս Երևան է ներկրվել 350 ավտոբուս, որից 90-ը մասնավոր ընկերությունների կողմից` 2013թ. առաջին եռամսյակում:

«Նախ իմ գոհունակությունն եմ հայտնում մասնավոր ընկերություններին` տրանսպորտի ոլորտի բարեփոխումներին աջակցելու և միկրոավտոբուսների փոխարեն նոր ավտոբուսներ ներկրելու համար: Նաև նշեմ, որ մենք շարունակելու ենք մասնավորի հետ բանակցությունները, որպեսզի քաղաքային երթուղիները համալրենք անհրաժեշտ ևս 200-300 ավտոբուսներով` առկա պահանջարկը լիարժեք բավարարելու համար: Իսկ արդեն այս տարեվերջին, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում կշահագործվի շուրջ 760 ավտոբուս»,- ասել է Տարոն Մարգարյանը: 

Նա անդրադարձել է նաև տրանսպորտի սակագնի բարձրացման մասին վերջերս շրջանառվող խոսակցություններին՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ նման որոշում չի կայացվել ու առաջիկայում չի նախատեսվում:

«Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»,- ընդգծել է քաղաքապետը: