28 մարտ, 2013 17:21

Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը, որը Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության 100% բաժնեմասի սեփականատերն է, պարզաբանում է ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ «Լիդիան ինթերնեյշնլի» տնօրենների խորհրդում նշանակվելու կապակցությամբ: «Սա գործադիր պաշտոն չէ, և «Լիդիանի» տնօրենների խորհրդում կա ևս երեք ոչ գործադիր անդամ»,- նշված է պարզաբանման մեջ:  

«Լիդիանը ողջունում է Պարոն Սարգսյանի նշանակումը տնօրենների խորհրդում: Պարոն Սարգսյանի փորձն ու գիտելիքը կարևոր ներդրում կլինեն մեր ընկերությունում: Նրա ներկայությունը Խորհրդում մեզ համար պատիվ է և մեր ընդլայնվող բարձրակարգ թիմի, ինչպես նաև Ամուլսարում միջազգային բարձր կարգի հանքարդյունաբերություն իրականացնելու մեր պատրաստակամության արտացոլումն է: Ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները և թե՛ Հայաստանը»,- ասել է Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր տնօրեն և նախագահ Թիմ Քոֆլինը:

Արմեն Սարգսյանը ևս մեկնաբանել է իր նշանակումը՝ Լոնդոնի իր գրասենյակից. «Ուրախ եմ Լիդիանի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ: Մինչ այդ եղել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանը:

2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Միացյալ Թագավորությունում և Եվրասիայում:  Արմեն Սարգսյանը նաև հիմնադիր նախագահն է Լոնդոնի եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London), որի նպատակն է երկխոսության և համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական և բիզնես առաջնորդների միջև:

Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական,  ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն և Bank of America Merrill Lynch-ը: