28 մարտ, 2013 17:10

Փուչիկների հարցում ՀՀԿ-ակաները մեծ մասնագետներ են. Ուրիխանյանը` Շարմազանովին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանել է թերթերից մեկի հետ զրույցում Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի արած հայտարարությունը, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն տարբեր քաշային կատեգորիաներում են:

Ուրիխանյանի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Իհարկե, մենք տարբեր քաշային կատեգորիաներում ենք։  Բայց իմ գործընկերոջն ուզում եմ իրազեկել, որ կուսակցությունների, ինչպես ինքն է բնորոշում, քաշային կատեգորիաները որոշում է ժողովուրդը, այլ ոչ թե իր նշած կատեգորիաները չափվում են ոստիկանական «սապոգով» ընտրություն անելով և ժողովրդավարության շղարշներ հյուսելով։ Իսկ եթե իմ գործընկերը քաշային կատեգորիա ասելով նկատի ունի դատարկ օդով լցված փուչիկը՝ ապա փուչիկների հարցում իրենք մեծ մասնագետներն են, և այստեղ ես ձեռնպահ կմնամ որևէ մասնագիտական գնահատական հնչեցնելուց»: