ԱԺ-ում հրդեհի պատճառը սիգարետի ծխացող մնացորդն էր

Մարտի 27-ին` ժամը 20:51-ին, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում, հաղորդում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ժամը 20:53-ին դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մարվել է ժամը 21:05-ին: Այրվել են ստվարաթղթի և փայտի մնացորդներ` մոտ 1 քմ մակերեսով:

ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և պետական պահպանության ծառայության հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարտի 27-ին` ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ ԱԺ աշխատակից (բանվոր), 59-ամյա Աշոտ Ղազանչյանը, որը պատասխանատու էր տվյալ տարածքի պահպանության համար, գնացել է շենքի նկուղ, ստուգել արդյոք ամեն ինչ կարգին է, լույսն անջատել, այնուհետև` սիգարետի ծխացող մնացորդը նետել գետնին` նկուղի կողմը, դուռը կողպել և հեռացել։

Ծխախոտի մնացորդն ընկել է գետնին կուտակված թղթի մնացորդների վրա ու ծխացել։ Դրա հետևանքով նկուղում առաջացել է ծխապատ գոտի։ Նյութական վնաս չի պատճառվել։

Մեկնաբանել