Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2023թ. երկրի նախագահ ընտրվելու դեպքում կվերականգնի Օսմանյան կայսրության վարչական բաժանման հիմք հանդիսացող էյալեթների համակարգը, հաղորդում է Hurriyet-ը:
Էրդողանի խոսքով` այս պահին Թուրքիան դեռ պատրաստ չէ նման վերափոխումների: Պատասխանելով քննադատներին` Էրդողանն ասել է, թե դա ամենևին էլ Թուրքիայի մասնատում չի նշանակում:
Ըստ նրա` Թուրքիայի Հանրապետության առաջին 20 տարիների ընթացքում քրդերի նկատմամբ ձուլման քաղաքականություն չի իրականացվել, սակայն դրանից հետո այդպիսի բան եղել է: Նա ասել է նաև, թե քրդերն էլ թուրքերին են ձուլել: «Մենք մուսուլման ենք, և մեզանում ձուլման, մերժման և ժխտողական քաղաքականություն լինել չի կարող»,- հայտարարել է նա:
Էրդողանը նշել է, որ ազգ (միլեթ) հասկացությունը բավական ընդարձակ է: Եթե Թուրքիայում կա 36 էթնիկ խումբ, ապա բոլորը միլեթի մեջ են տեղավորվում: Բոլորին միավորելով Թուրքիայի Հանարպետության գաղափարի շուրջ` հարցը լուծվում է, ասել է Էրդողանը: Միաժամանակ` նա իրեն և իր կողմնակիցներին բնութագրել էր որպես պահպանողական դեմոկրատներ: