29 մարտ, 2013 13:30

Facebook-ը հնարավոր է` ներկայացնի սեփական բջջային հարթակը

Facebook ընկերությունն ապրիլի 4-ին ԱՄՆ-ում կայանալիք մամուլի ասուլիսին հնարավոր է` ներկայացնի Android բջջային սարքավորումների համար նախատեսված օպերացիոն հարթակի մոդիֆիկացված և սոցցանցին ինտեգրված տարբերակը, հաղորդում է TechCrunch-ը:

Նոր հարթակի առանձնահատկությունը կարող է դառնալ սմարթֆոնի սերտ ինտեգրումը հաղորդագրությունների փոխանակման Facebook Messenger-ին և սոցցանցի հետ աշխատանքի համար նախատեսված բջջային այլ ծրագրերին: Այս նախագծում սոցցանցի հնարավոր գործընկեր կարող է դառնալ թայվանական HTC ընկերությունը, որը սմարթֆոններ կթողարկի Facebook հարթակի հիման վրա:

Ընկերության 2012թ. զեկույցում նշված է, որ սեփական օպերացիոն հարթակի ստեղծման արդյունքում կվերանա ընկերության կախվածությունը կողմնակի ընկերությունների տրամադրած օպերացիոն համակարգերից, ինչպիսիք են Google-ի Android և Apple-ի iOS համակարգերը:

Facebook-ի սեփական հարթակի ստեղծման մասին տեղեկությունները համացանցում շրջանառվում են արդեն մի քանի տարի, սակայն ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը բազմիցս հերքել է դրանք: