Իտալիայի ձախակենտրոններին չի հաջողվել կառավարություն ձևավորել

Իտալիայի ձախակենտրոնների առաջնորդ Պիեր Լուիջի Բերսանին մեկ շաբաթ տևած բանակցություններից հետո չի կարողացել կոալիցիոն կառավարություն ձևավորել, հաղորդում է BBC-ն։ Ելույթ ունենալով Հռոմում՝ Բերսանին մյուս կուսակցությունների առաջ քաշած նախապայմաններն անվանել է անընդունելի։

Բերսանիի Դեմոկրատական կուսակցությունը այս տարվա փետրվարին կայացած ընտրությունների արդյունքներով վերահսկողություն էր ստացել խորհրդարանի ստորին պալատի նկատամամբ, սակայն նրա ձայները չէին բավարարել Սենատում մեծամասնություն կազմելու և ինքնուրույն կաբինետ ձևավորելու հնարավորություն ստանալու համար։

Հռոմում BBC-ի թղթակցի խոսքով՝ Բերսանին մեկ շաբաթվա ընթացքում բանակցություններ է իրականացրել արհմիությունների, ձեռնարկատերերի և քաղաքական առաջնորդների հետ։ Սակայն նրան չի հաջողվել մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին համոզել իր հետ կոալիցիա ձևավորել կամ փոքրամասնության կառավարություն ստեղծել։

Բանակցություններին մասնակցող մյուս երկու քաղաքական ուժերն են նախկին երգիծաբան Բեպե Գրիլոյի «Հինգ աստղեր» շարժումը և նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի աջակենտրոն բլոկը։

Այսօր՝ մարտի 29-ին, Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն խորհրդակցությունների նոր փուլ կանցկացնի երկրի հիմնական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով փակուղուց ելք գտնել։

Ստեղծված իրավիճակում նախագահը կարող է կա՛մ մեկ ուրիշին հանձնարարել փորձել կառավարություն ձևավորել, կա՛մ նոր ընտրություններ անցկացնել։

Վերլուծաբանները նշում են, որ քաղաքական անորոշության ներկա իրադրությունը մեծացնում է ճնշումը Իտալիայի անկում ապրող տնտեսության վրա, ինչպես նաև եվրոգոտու կայունության նոր կասկածներ է ծնում։

Մեկնաբանել