Հայաստանում ամենամեծ չարիքը արդարության և հացի պակասն է. օմբուդսմեն

Հայաստանում ամենամեծ չարիքը արդարության և հացի պակասն է: Այսօր` մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով 2012թ. տարեկան զեկույցը:

Օմբուդսմենը նշեց, որ 136-էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվել գրեթե բոլոր պետական մարմիններին և գերատեսչություններին:

«22 գերատեսչությունների գործունեության ուսումնասիրության ընթացքում մենք վեր ենք հանել 148 համակարգային խնդիր»,- ասաց Անդրեասյանը` հավելելով, որ այդ խնդիրների լուծման նպատակով արդարադատության նախարարությունը կառավարության հանձնարարականով գործողությունների ծրագիր է մշակում, որը պետք է ներառի այդ խնդիրները: Միաժամանակ` նախագահի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական մարմին, որը ղեկավարում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Մենք կարծում ենք, որ միջգերատեսչական այս մարմնի խնդիրն է լինելու իրականություն դարձնել բոլոր խնդիրները, որոնք մենք ներկայացրել ենք»,- ասաց օմբուդսմենը՝ նշելով, որ այդ մարմնում ներկայացված է լինելու նաև իր տեղակալը:

Անդրադառնալով զեկույցում անդրադարձ կատարված գերատեսչությունների արձագանքներին՝ Անդրեասյանը նշեց, որ ամենադժվար խնդիրներ ունեցող ոլորտներից է, օրինակ, ոստիկանությունը, սակայն ոստիկանապետի արձագանքը զեկույցին օրինակելի էր:

«Ամենախայտառակ, ոչ պրոֆեսիոնալ արձագանքը ես համարում եմ դատական իշխանության արձագանքը»,- նշեց օմբուդսմենը՝ հավելելով, որ դատական այն, փորձելով վարկաբեկել օմբուդսմենի ինստիտուտը, մոռանում է, որ ամենավերջին հարցումների համաձայն` Հայաստանի 70%-ը չի վստահում դատական համակարգին: Զեկույցին վատ արձագանքածների շարքում Անդրեասյանն առանձնացրեց նաև արդարադատության նախարարությանը:

Խոսելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Պետական եկամուտների կոմիտեի արձագանքի մասին, որոնք օմբուդսմենի զեկույցը որակել էին տարօրինակ՝ Անդրեսայանն ասաց, որ տարօրինակն այն է, որ նրանք չեն պատկերացնում, թե ինչ սարսափելի վիճակում է տնտեսական մրցակցության ոլորտը:

Համեմատելով 2011թ. տարեկան զեկույցի հետ՝ օմբուդսմենը նշեց, որ 2012թ. առաջընթաց կա իրավունքների պաշտպանության և արձագանքների մասով:

«Կա 80 դրական զարգացում, բայց խնդիրները քիչ չեն, կան նաև նորերը»,- ասաց օմբուդսմենը՝ հավելելով, որ 2011թ. խնդիրների թիվը մոտավորապես 130 է եղել:

«Վարչարարության մեջ շատ մեծ առաջընթաց կա, լավագույն կառույցը, որ այսօր ունենք Հայաստանում, Կադաստրի պետական կոմիտեն է»,- ասաց օմբուդսմենը՝ հավելելով, որ մեծ առաջընթաց կա նաև խոսքի ազատության ոլորտում:

Մեկնաբանել