Հայաստանում չինարենի խորացված ուսուցման դպրոց կբացվի

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահների պայմանավորվածության համաձայն՝ այսօր` մարտի 29-ին, ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Տյան Չանչունը ստորագրել են ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանում մեկնարկում են չինարենի ուսուցման տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները:

Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում ՉԺՀ կառավարությունը` սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառներում: 2012թ. դեկտեմբերի 28-ին ստորագրվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն յուանի անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի միջոցով ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, ինչպես նաև օգտագործել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար:

Մեկնաբանել