Յոթերորդ սերնդի հեչբեք Volkswagen Golf-ը՝ 2013թ. տարվա ավտոմեքենա

Երկու տարի անընդմեջ աշխարհի լավագույն ավտոմեքենա է ճանաչվել Volkswagen գերմանական ավտոկոնցեռնի արտադրանքը:

World Car of the Year մրցանակի միջազգային ժյուրին, որի մեջ մտնում է 66 լրագրող՝ 23 երկրից, Նյու Յորքում բացված ավտոսրահում հայտարարել է հեչբեք Volkswagen Golf-ին մրցանակ շնորհելու որոշման մասին, գրել է Deutsche Welle-ը:

Յոթերորդ սերնդի Golf-ը, որը երեք շաբաթ առաջ ճանաչվել է Եվրոպայի տարվա ավտոմեքենա, այս մրցույթում առաջ է անցել 40 մրցակցից:

Բնութագրի մեջ ասված է, որ այս մեքենան ունի կատարյալ չափեր՝ տարողունակ է, հարմարավետ և պրակտիկ: «Այն ունի նոր, ժամանակակից դիզայն, շարժիչների նոր գիծ, տպավորիչ սարքավորումներ և անվտանգության համակարգ», – ասված է ժյուրիի հայտարարության մեջ:

Տարվա սպորտային ավտոմեքենաներ են ճանաչվել գերմանական մեկ այլ արտադրող Porsche-ի Cayman և Boxter մոդելները: Բնապահպանական տեսանկյունից ամենալավ մեքենա կատեգորիայում հաղթել է Tesla S էլեկտրամոբիլը, իսկ լավագույն դիզայն անվանակարգում՝ Jaguar F-Type-ը:

Մեկնաբանել