Փարիզը մինչև ընթացիկ տարվա վերջ մտադիր է Մալիում իր զորախումբը կրճատել մինչև 1 հազ․ մարդ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսիական France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ապրիլի վերջին մենք կսկսենք զորքերի դուրսբերումը։ Այժմ այնտեղ կա 4 հազ․ զինծառայող։ Հուլիսին Մալիում կմնա 2 հազ․ ֆրանսիացի զինվորից ոչ ավելի, տարվա վերջին՝ միայն 1 հազ․»,- ասել է Օլանդը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Մալիում Ֆրանսիայի ռազմական ներկայությունը ցանկացած պահի կարող է ուժեղացվել։
Օլանդի խոսքով՝ Ֆրանսիան լուծել է գործողության սկզբում իր առջև դրած հիմնական խնդիրները։ «Մենք հասել են մեր գլխավոր նպատակին՝ կանգնեցնել ահաբեկիչների հարձակումը։ Դա իրականացվել է։ Երկրորդ խնդիրն էր վերադարձնել ահաբեկիչների զբաղեցրած քաղաքների նկատմամբ վերահսկողությունը․ դա նույնպես իրականացվել է»,- ասել է պետության ղեկավարը։
Ֆրանսիացի զինծառայողները Մալիում ռազմական գործողություն են իրականացնում այս տարվա հունվարի 11-ից։ Աֆրիկյան այս երկրում իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ծայրահեղական խմբավորումների զինյալները սկսեցին հարձակվել կառավարական զորքերի վրա երկրի կենտրոնական մասում։ Գործողությանը մասնակցում են նաև «Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության» (ԷԿՕՎԱՍ) անդամ երկրների զինծառայողներ։
Հարցազրույցում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև սիրիացի ապստամբներին զինելու խնդրին՝ նշելով, որ դեռ վաղ է դրա համար։
«Մենք դա չենք անի, քանի դեռ վստահ չենք լինի, որ ընդդիմությունը լիովին վերահսկում է իրավիճակը»,- ասել է նա։
Ավելի վաղ Օլանդը Եվրամիությանը կոչ էր արել չեղյալ հայտարարել Սիրիա զենքի մատակարարման էմբարգոն, որպեսզի եվրոպական երկրները կարողանան սպառազինություններ մատակարարել սիրիական ընդդիմությանը։ Սակայն Փարիզի և Լոնդոնի այս նախաձեռնությանը ակտիվ դեմ էին հանդես եկել Բեռլինն ու Վիեննան։
Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 70 հազ․ մարդ։
Ֆրանսիայի նախագահի՝ France 2-ին տված հարցազրույցը դիտել է մոտ 8 մլն մարդ։