Ժողովուրդը և Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որոշեն ինչ ուղիով պայքարել. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 21-օրյա հացադուլի՝ շարժման մեջ ունեցած ներդրման մասին կարող է դատողություններ անել միայն մի փոքր սպասելուց հետո, հայտնում է Tert.am-ը:

«Հացադուլն ինչ տվեց շարժմանը» հարցին ի պատասխան` Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Կարծում եմ` այդ ամենի մասին դատողություն կարող ենք անել ամսի 9-ին»:

Անդրադառնալով փաստին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է մարզային այցելությունները` Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ դրա անհրաժեշտությունը, անշուշտ, կար։ «Այդ պահանջը, անընդհատ եղել է, նորից մարզեր այցելեն, գումարած դրան՝ ապրիլի 9-ի երդման արարողությանն ընդառաջ դրա անհրաժետությունը կար»,- հայտնել է նա։

«Ժառանգության» փոխնախագահը չի կարծում, որ հացադուլից դուրս գալը պայմանավորված է որոշ քաղաքական ուժերի քննադատությունից դասեր քաղելու փաստով։

«Քաղաքական ուժերը, որոնք Ազատության հրապարակում չեն, հեռավորությունից խորհուրդներ են տալիս։ Ես կարծում եմ` մեր քաղաքացիները, որոնք այսօր ելել են պայքարի Ազատության հրապարակում, մեր հայրենիքի տարբեր Ազատության հրապարակներում, իրենք պետք է առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ որոշեն` պայքարի ինչ ուղի են ընտրում»,- հստակեցրել է նա։

Արմեն Մարտիրոսյանը նաև նշել է, թե մնացած խորհրդատուներն, իհարկե, որպես գործընկերներ կարող են խորհուրդ տալ, բայց ի վերջո որոշողը այդ երկու սուբյեկտները պետք է լինեն։ «Ժողովրդի մեծամասնությունը՝ նաև Ազատության հրապարակում պայքարող, և Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասել է նա` հրաժարվելով, սակայն, նշել, թե ինչ մեթոդներով պետք է համոզեն նույն ժողովրդին։ «Մենք ժամանակ չունենք, միասին կտեսնենք»,- եզրափակել է նա։

Մեկնաբանել