2 ապրիլ, 2013 10:54

Թուրքական մամուլը` Երևան-Վան չվերթի սառեցման մասին

Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչությունը մարտի 29-ին որոշում էր կայացրել անորոշ ժամանակով հետաձգել ապրիլի 3-ից նախատեսված Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը։ Թուրքիայի քաղավիացիայի վարչության Վանի մասնաճյուղում այս քայլը պայմանավորել էին ուղևորների անբավարար քանակով` նշելով, որ համանման կերպով վերջերս դադարեցվել են Վան-Թավրիզ և Վան-Ուրմիա չվերթները:

Հայկական կողմից Երևան-Վան չվերթի կազմակերպիչ «Նարեկավանք տուր» ընկերությունը, իր հերթին, չվերթի կասեցումը պայմանավորում է թուրքական իշխանությունների միջամտությամբ: Իսկ հայկական և թուրքական մամուլը գրում է Ադրբեջանի միջամտության մասին:

Թուրքական Hurriyet օրաթերթը գրում է, որ չվերթի իրականացումը, մի կողմից, կնպաստեր Հայաստանի և Թուրքիայի միջև լարվածության թուլացմանը, մյուս կողմից` հայ և թուրք ժողովուրդների միջև կապերի զարգացմանը: «Սակայն այս լուրը լսելուն պես ադրբեջանական մամուլը սկսեց խստագույնս քննադատել նախաձեռնությունը, և չվերթից երկու օր առաջ այն հետաձգվեց»,- գրում է թուրքական թերթը:

Milliyet-ն էլ նշում է, որ չվերթի կասեցման գործում մեծ է Ադրբեջանի դերը: Ըստ թերթի` 1915թ. ապրիլի 24-ի նախաշեմին Ադրբեջանի ղեկավարության նման կեցվածքն էլ հենց դարձել է չվերթի սառեցման պատճառը: