Միայն ամենաթողության մթնոլորտում կարող էր նման քստմնելի հանցագործություն կատարվել. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը վարչությունը հայտարարություն է տարածել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կապակցությամբ:

««Ժառանգություն» կուսակցությունում ցավով տեղեկացանք Պռոշյան ավանում կատարված սարսռեցնող ահաբեկչության մասին, որ ընդհատեց ազատամարտիկ, համայնքապետ Հրաչ Մուրադյանի կյանքը: Մեզանից հեռացավ մարդ, ով վայելում էր սեր և հարգանք, ով մասնակից ու հերոս էր Արցախյան ազատամարտի, ով ապրում և գործում էր ի շեն և բարօրություն հայրենի եզերքի:

Միայն երկրում առկա ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում կարող էր նման քստմնելի հանցագործություն կատարվել, երբ իր աշխատավայրի առջև իր աշխատակիցների հետ զրուցող համայնքապետը անշնչացած գետին տապալվի դավադիր ու հեռահար կրակոցից: Ում պատվերով և ում իրացմամբ է կատարվել հանցագործությունը՝ պատկան մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել:

Խստորեն դատապարտելով կատարված ահաբեկչությունը պահանջում ենք հանցանքի շուտափույթ բացահայտում և սգո այս ժամին մեր վշտակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում Մուրադյանի հարազատներին, ընկերներին, կուսակիցներին»,- նշված է հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Մեկնաբանել