Հիմա հայհոյող ծաղրածուներն են պահանջարկ վայելում. Կիմա Եղիազարյան

Ուրբաթ օրն աշխատանքից ազատվել է «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Կիմա Եղիազարյանը: Նա աշխատանքից ազատվել է, ինչպես ինքն է գրել՝ Facebook-ի իր էջում թերթի ռազմավարությունից տարբեր գրառումներ կատարելու համար:

Կիմա Եղիազարյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում այսօր դժվարացավ պարզաբանել, թե ինչ վտանգ է նկատվել իր անձնական էջի գրառումներում: Աշխատելով իշխանամետ թերթում, իր խոսքով, նա երբեք չի քծնել իշխանությանը, սակայն իր քաղաքացիական դիրքորոշումն առավել արտահայտել է սոցցանցում: Կիմա Եղիազարյանը չհերքեց նաև, որ բավական խիստ քննադատել է ընդդիմությանը՝ հավելելով. «Բայց հիմա պարզվեց, չէ՞, որ ճիշտ էի անում, որ քննադատում էի»:

Ըստ նրա՝ իր նկատմամբ էլ եղել են ճնշումներ: «Հինգ դատավարություն է եղել իմ նկատմամբ, ինչքան քաշքշուկ, հետապնդումներ, բայց ոչ մի անգամ ինձ չեն պաշտպանել, և ոչ մի անգամ ես իմ նկատմամբ այդ հալածանքներից շոու չեմ սարքել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ հիմա հայհոյող ծաղրածուներն են պահանջարկ վայելում, իսկ չհայհոյողներին հեռացնում են, «նոնսենս ա, բայց տենց ա»:

Կիմա Եղիազարյանը դեռ չի կողմնորոշվել, թե ուր պիտի դիմի, չի բացառում՝ երկրից հեռանալու որոշում ընդունելով՝ դիմել դեսպանատուն:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին նրա գրած ստատուսը, վերնագրված` «Բոմժն էլ է հանդուրժողական, ափսոս լծակներ չունի», դարձել է ճակատագրական. «Դե հիմա պարտադիր չէ ամեն անգամ մեջբերել Հեգելի, Կանտի կամ Սպինոզայի մտքերը: Իսկ ինչո՞վ է նրանց իր փիլիսոփայական մտքերով զիջում ասենք` ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Խնդրեմ, Մարգարիտի մտքերից. «Միայն մեկ առաջարկ` ետ նայել և փորձել վերհիշել, թե մեր անկախության պատմության մեջ ուրիշ երբ է եղել այսպիսի հանդուրժողականություն, դիմացինին լսելու, հարգելու և խնդիրները համատեղ լուծելու այսպիսի պատրաստակամություն» (…): Գիտեք, մինչև հիմա ինձ թվում էր, որ հանդուրժողականությունը սովորական մարդկային հատկանիշ է: Բայց էս վերջին տարիներին համառորեն փորձում են ինձ համոզել, որ հանդուրժողականությունը հատուկ է միայն ԳԵՐՀԵՐՈՍԻՆ: Բայց միթե պարտադիր է գերհերոս լինել, որպեսզի կարողանալ ոչ միայն հանդուրժել մարդ ծեծող նախկին քաղաքապետի արարքը, այլև նրան դարձնել մինիստր: Նման օրինակները շատ են: Այնպես, որ «չեբուրաշկայավարի» գովերգելուց առաջ, չէր խանգարի մի պահ մտածել և հասկանալ, որ հանդուրժողականությունը ինչ-որ «էլիտար» բան չէ և որևէ առաջնորդի մենաշնորհը չէ…»: Դրանից երկու օր անց` մարտի 30-ին, Եղիազարյանը գրել է, որ իրեն «10 րոպեում ազատել են աշխատանքից»:

«Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, «Հայկական ժամանակ»-ի խնդրանքով մեկնաբանելով լրագրողին աշխատանքից ազատելը, ասել է. «Յուրաքանչյուր թերթ ունի իր քաղաքականությունը և նախապատմությունը: Յուրաքանչյուր լրագրողի գործունեությունը պետք է տեղավորվի այդ քաղաքականության մեջ: Չի կարելի օրվա մի կեսը գրել ըստ թերթի ուղղվածության, մյուս կեսը` սոցցանցերում` դրա հակառակը: Դա վտանգավոր է նաև լրագրողի տեխնիկայի համար: Կիմա Եղիազարյանինը այդ տարբերակն էր: Էստեղ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա»:

Մեկնաբանել