9 ապրիլ, 2013 20:44

Արգենտինայի պատմությունը կերտվել է նաև հայերի արյամբ. Արգենտինայի փոխնախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Ազգային ժողովի նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Նա հույս է հայտնել, որ այս մակարդակի այցերը կնպաստեն Հայաստանի և Արգենտինայի հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու փոխգործակցության ակտիվացմանը:

Ազգային ժողովի նախագահի գնահատմամբ՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ձևավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմքեր են ստեղծում առևտրատնտեսական և այլ ոլորտներում լիարժեք համագործակցության համար:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նախապատմությանը, կատարված պատմական անարդարությանը, իր պատմական հողի վրա ապրելու ու արարելու՝ արցախյան ժողովրդի վճռականությանն ու միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ հավելելով, որ Հայաստանը եղել և մնում է ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից: ԱԺ նախագահը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:

Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և շնորհավորել հայ ժողովրդին ՀՀ նախագահի ընտրության ու նրա երդմնակալության կապակցությամբ:

Նա կարևորել է հայ-արգենտինյան միջպետական տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումը: Անդրադառնալով Արգենտինայի երկուհարյուրամյա պատմությանը՝ նա արձանագրել է, որ այդ պատմությունը կերտվել է նաև հայերի օգնությամբ ու անգամ՝ արյամբ, և այսօր հայերը մասնակցում են Արգենտինայի հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը, բարձր դիրքեր զբաղեցնում կառավարման համակարգում և տնտեսության մեջ: Ամադո Բուդուն իր երկրի իշխանությունների անունից Հայաստանի հետ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն է հայտնել: Նա բարձր է գնահատել նաև տարածաշրջանային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումն ու պատրաստակամությունը:

Արգենտինայի Սենատի նախագահը Ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Արգենտինա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հույս հայտնել, որ հավանաբար ընթացիկ տարում տեղի կունենա Հայաստանի համար կարևոր այդ այցը: Նա նույնպես Արգենտինայի Սենատի նախագահին պաշտոնապես հրավիրել է Հայաստան: