9 ապրիլ, 2013 21:12

Հակաիրավական վարքագիծ դրսևորած մի քանի մասնակից հեռացվել է Բաղրամյանից. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմեց լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին, զգուշացնելով, որ երթը այլևս չի կարող համարվել խաղաղ` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: 

ՀՀ ոստիկանությունը պահանջեց սթափվել և թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու հակաիրավական վարքագծի շարունակման պարագայում: 

ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ առանց որևէ հապաղման կիրառելու է օրենքներով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորությունները` հակաիրավական գործողությունները կանխելու համար, և իր լիազորությունների շրջանակներում պատասխանատվության է ենթարկելու հավաքներին վերաբերող օրենքի պահանջները և հասարակական կարգն ու անվտանգությունը խախտած բոլոր անձանց:

Ոստիկանության կողմից երթի մասնակիցներին տրամադրվեց ողջամիտ ժամկետ՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար, սակայն ոստիկանության կոչերն ու հորդորները մնացին անպատասխան:

Ընդգծված հակաիրավական վարքագիծ դրսևորած մի քանի մասնակիցների ոստիկանությունը հեռացրել է նշված տարածքից, և նրանք կենթարկվեն վարչական պատասխատվության»:

Նշենք, որ չճշտված որոշ տեղեկությունների համաձայն` ոստիկանությունը բերման է ենթարկել նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան` Ոստիկանության լրատվական բաժնից խորհուրդ տվեցին հետևել պաշտոնական լրահոսին: