9 ապրիլ, 2013 21:20

Չինաստանը հատուկ կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. ՉԺՀ պատվիրակ

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարի տեղակալ Գու Ճաոսիին, ով գլխավորում է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցող Չինաստանի պատվիրակությունը. տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է և կարևորել է այն փաստը, որ հայ-չինական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է՝ ներառելով նոր ոլորտներ: Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի Նախագահի Չինաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում և արդյունքներն արդեն տեսանելի են։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանի զարգացմանը շարունակական օժանդակություն ցույց տալու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՉԺՀ պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ Չինաստանը հատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը: