Մուրակամիի նոր գիրքը լույս կտեսնի աննախադեպ՝ կես մլն տպաքանակով

Ճապոնացի աշխարհահռչակ գրող Հարուկի Մուրակամի նոր վեպի առաջին տպաքանակը կկազմի կես մլն օրինակ: Այս մասին հաղորդել է «Բունգեյ սյունձյու» հրատարակչական տունը, որի տվյալներով՝ հայտնի Amazon ինտերնետ-խանութի ճապոնական ստորաբաժանումը ստացել է գրքի ավելի քան 20 հազ. նախնական պատվեր: Նախկինում Մուրակամիի որևէ վեպ այդքան հայտեր չի հավաքել:

«Անգույն Ցուկուրու Տասակին և նրա վերջին ուխտագնացությունը» խորագրով վեպը Ճապոնիայի գրախանութներում կհայտնվի ապրիլի 12-ին: Նոր գրքի սյուժեն գաղտնի է պահվում: Գրողն արդեն հայտարարել է, որ նոր պատմությունը չափազանց տարբերվելու է իր վերջին՝ 1Q84 վեպից: Ավելին՝ Մուրակամին պատմել է, որ սկզբնապես մտադիր չէր երկար ստեղծագործություն գրել, սակայն աստիճանաբար աշխատանքն այնքան է նրան գրավել, որ արդյունքում ծավալուն վեպ է ստացվել:

«Նման բան ինձ հետ չի պատահել «Նորվեգական անտառից» ի վեր»,- ասել է գրողը:

Ճապոնիայի գրական մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ նոր վեպում կենտրոնական է լինելու Ճապոնիայի կերպարը 2011թ. ավերիչ երկրաշարժից և ցունամիից հետո:

64-ամյա Հարուկի Մուրակամին աշխարհի՝ ժամանակակից ամենահայտնի գրողներից է, նրա գրքերը թարգմանված են ավելի քան 40 լեզվով:

Գրողը համարվում է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդներից:

Մեկնաբանել