12 ապրիլ, 2013 10:49

Քաջություն է բեմից ժամանակին հեռանալը

Սովորաբար տատասկոտ է լինում դեպի արվեստի բարձունքներ տանող ուղին: Ոմանք այն արագ ու անարգել են անցնում, մյուսներին հարկ է լինում կտրել երկար ու ձիգ ճանապարհ: Այդպես եղավ նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի առաջատար մեներգիչ Կոնստանտին Սիմոնյանի պարագայում։

Ծնվել է 1945թ. Բուխարեստում: Երեք տարեկան էր, երբ ի թիվս շատուշատ հայորդիների՝ հոր հետ հայրենադարձվեց հայրենիք: Այստեղ, սակայն, նրանց տհաճ անակնկալ էր սպասում. 1949թ. հունիսին աքսորվեցին Ալթայի երկրամաս: Վերադարձան տարիներ անց միայն՝ երջանկահիշատակ Վազգեն Ա-ի ջանքերի շնորհիվ, որը դեռ Բուխարեստից էր ճանաչում Սիմոնյանների շնորհաշատ ընտանիքին:

Անուրախ մանկության հուշերը ուղեկցեցին ապագա երգչին ողջ կյանքում, թրծեցին նրա բնավորությունը, մղեցին նպատակին հասնելու հաստատակամության և վճռականության: Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվեց կոնսերվատորիայի վոկալ բաժին: Այդուհետ շուրջ քառասուն տարի նա աշխատեց մեր երաժշտական մայր թատրոնում՝ 2003թ. արժանանալով ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:

Այս տարի լրանում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնի հիմնադրման 80-ամյակը: Այդ կապակցությամբ որոշեցինք հանդիպել Կոնստանտին Սիմոնյանին՝ զրուցելու նրա հետ մեր օպերային արվեստի երեկվա ու այսօրվա, ինչու չէ՝ նաև վաղվա օրվա մասին:

— Քառասուն և ավելի տարիներ աշխատել եք օպերային թատրոնում: Միաժամանակ երգել եք Երգչախմբային ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբում, եղել կոնսերվատորիայի օպերային ստուդիայի հիմնադիր կազմում: Ավելի շատ վարդերի, թե՞ փշերի եք հանդիպել Ձեր ճանապարհին։

— Նախկինում փշերի՝ կապված անձնական կյանքիս հանգամանքների հետ: Հորս շուտ եմ կորցրել, իսկ մայրս այդպես էլ մնաց Ռումինիայում: Ուստի միայնակ ստիպված եղա դիմագրավել շատ դժվարությունների: Ստեղծագործական ճանապարհս ևս հարթ չեղավ: Բնությունից օժտված չլինելով ձայնային բացառիկ տվյալներով՝ ամեն հաջողության հասել եմ աշխատասիրության շնորհիվ:

Բայց և վարդեր էլ են եղել, երբ հանդիպեցի ուսուցչուհուս՝ Թամար Շահնազարյանին, և ապագա կնոջս՝ երգչուհի Մանիկ Գրիգորյանին: Նրանք նպաստեցին, որ ընտրեմ դասական երգը. մինչ այդ ես էստրադային երգեր էի երգում և ավելի շատ հայտնի էի որպես Առնո Բաբաջանյանի երգերի կատարող։

— Որպես օպերային թատրոնի երգիչ՝ երկու տարի առաջ Դուք թողեցիք բեմը։ Վաղ չէ՞ր արդյոք։

— Իմ կարծիքով՝ երգիչը, ընդհանրապես երաժիշտը, պետք է զգա բեմից հեռանալու պահը: Լավ է երեք տարի շուտ թողնես, քան հինգ րոպե ուշանաս: Իմաստուն պիտի լինել ու քաջություն ունենալ բեմից ժամանակին հեռանալու համար:

— Երբ 1969թ. մուտք գործեցիք օպերային թատրոն, ինչպիսին էր այն Ձեզ համար։

— Փայլուն վիճակում: Բեմում տեսել եմ մեծերին՝ երգելով նրանց կողքին նախ որպես երգչախմբի անդամ. Միհրան Երկաթ, Նառ Հովհաննիսյան, Արշավիր Կարապետյան, Ավագ Պետրոսյան, Սերգեյ Դանիելյան, Տիգրան Լևոնյան, Գոհար Գասպարյան, Ելենա Վարդանյան, Տաթևիկ Սազանդարյան և այլն: Այդ շրջանում մասնակցել եմ հիանալի բեմադրությունների, որոնց ռեժիսորներն էին Վարդան Աճեմյանը, Վահագն Բագրատունին, Հրաչյա Ղափլանյանը, Ռաֆայել Ջրբաշյանը, մյուսները: Հիշեմ նաև նշանավոր դիրիժորներին՝ Արամ Քաթանյան, Սուրեն Չարեկյան, Յուրի Դավթյան, Հակոբ Ոսկանյան, Օհան Դուրյան: Դա ինձ համար մեծ դպրոց էր. և՛ երգում էի, և՛ սովորում նրանցից:

— Այսօրվա մասին. ի՞նչ համեմատություններ կանցկացնեք։

— Համեմատելու շատ բան չկա: Նախ և առաջ սերունդների տարբերություն է: Ապա՝ չմոռանանք, որ դարաշրջան ու հասարակարգ է փոխվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Խորհրդային կարգերի օրոք պատշաճ ուշադրություն էր նվիրվում մեր թատրոնին, իսկ երգիչներս ու երաժիշտներս արժանապատիվ կյանքով էինք ապրում՝ ընդհանրապես չմտածելով կեցաղային դժվարությունների կամ օրվա ապրուստի մասին:

— Դուք երկար տարիներ դասավանդում եք Կոմիտասի անվան կոնսերվատորիայում և այդ բուհի պրոֆեսոր եք: Միաժամանակ շարունակում եք աշխատել օպերային թատրոնում՝ որպես բեմական վարպետության մասնագետ: Ի՞նչ կարծիքի եք՝ կա՞ն երիտասարդների մեջ արժանավորները։

— Շատ-շատերը կան: Այսօր կոնսերվատորիան շարունակում է հմուտ մասնագետներ պատրաստել, և օպերային թատրոնի երգիչների մեծ մասը, հատկապես վերջին 5-8 տարիներին, այս բուհից է գալիս: Նրանց նշանակալի դերեր են վստահվում: Այսօր մեր շատ երիտասարդ երգիչ-երգչուհիներ հաճախ են հանդես գալիս լավագույն եվրոպական թատրոնների բեմերում:

— Բարիտոնի համար նախատեսված բազում դերերգեր եք կատարել։ Կա՞ մի դեր, որ այդպես էլ չհասցրիք կատարել։

— Ոչ թե մեկ, այլ 4-5 դերեր կային. Էնրիկո՝ Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուրում», Օնեգին՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում և այլն: 90-ականների մութ ու ցուրտ տարիներին հնարավոր չեղավ շատ բեմադրություններ անել:

— Ձեր շուրջ երկու տասնյակ դերերից ո՞րն է ամենասիրելին ու հոգեմոտը։

— Իհարկե, նախևառաջ, Արշակ թագավորը Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում: Նաև Մոսին («Անուշ»), Սևերոն («Պողիկտոս»), Յագոն («Օթելլո»), շատ ուրիշներ:

— 90-ականների անլույս տարիներին Դուք հնարավորություն ունեիք Ձեր մասնագիտական աշխատանքը շարունակելու արտերկրում՝ ապահովելով բարեկեցիկ կյանք ու լավ ապրուստ: Չե՞ք զղջացել, որ չեք մեկնել Հայաստանից:

— Երբեք: Նույնիսկ տարօրինակ կլիներ, որովհետև լինելով հայրենադարձի զավակ՝ ծնվել եմ օտարության մեջ, ինը տարի ապրել աքսորի պայմաններում և մաշկիս վրա զգացել օտարության դառնահամը: Այլ հարց է, որ բոլորիս թվաց, թե այս դժվարությունները ժամանակավոր կլինեն և շուտ կանցնեն: Ավա՜ղ, դրանք երկար տևեցին՝ հասնելով մինչև մեր օրերը։

Ափսոսում եմ, որ վերջին 20 տարիներին շատ ճակատագրեր բեկվեցին, շատ արվեստագետներ հեռացան անվերադարձ՝ փայլ տալով օտար մշակույթներին: Շատ-շատերն էլ, մեղմ ասած, դրսում ոչ միայն չհասան ստեղծագործական բարձր նվաճումների, այլև իսպառ թողեցին արվեստի բնագավառը:

— Ես էլ ափսոսում եմ, որ այսուհետ Դուք նոր դերեր չեք կատարելու:

— Բեմում՝ ոչ: Բայց կյանքում մեծ սիրով եմ ստանձնել երջանիկ պապիկի դերը, որի համար շնորհակալ եմ Աստծուն:

Զրուցեց Լևոն Լաճիկյանը