Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2013թ. աշխատանքային պլանի համաձայն` ապրիլի 11-ին այցելել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից: Այցին մասնակցում էին նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի ռազմական կցորդները:

Այցի սկզբում ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մ.Իսախանյանը ռազմական կցորդներին է ներկայացրել ճեպազրույց իր ղեկավարած ստորաբաժանման վերաբերյալ` նշելով վարչության գործառույթները, կառուցվածքը, ինչպես նաև ներկայացրել է համառոտ տեղեկություններ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վերաբերյալ:

Ճեպազրույցից հետո ռազմական կցորդներն այցելել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ և Եղվարդի ռազմական գործարան: Հյուրերը հնարավորություն են ստացել շրջելու ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տարածքում` առավել մանրամասն ծանոթանալով ձեռնարկությունների գործունեությանն ու արտադրանքի տեսականուն:

Մեկնաբանել