Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը մտադիր չէ սեփական սմարթֆոնը թողարկել: Ինչպես հաղորդում է Engadget-ը, այս մասին հայտարարել է ընկերության Windows Phone Division ստորաբաժանման կորպորատիվ գծով փոխնախագահ Թերի Միրսոնը, որը պատասխանատու է Windows Phone օպերացիոն համակարգի մշակման, մարքետինգի, վաճառքի և զարգացման ռազմավարության համար:
Միրսոնի խոսքով` Microsoft-ը սեփական սմարթֆոն թողարկելու անհրաժեշտություն չունի: Նրա կարծիքով` ավելի նպատակահարմար է աշխատել փորձառու գործընկերների հետ, ինչպիսիք են, օրինակ, ֆիննական Nokia-ն ու թայվանական HTC-ն, որոնք բավականաչափ փորձն ու անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ունեն սմարթֆոն ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ Microsoft-ի կողմից սեփական սմարթֆոնի թողարկման մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ ընկերությունը 2012թ. ներկայացրեց Surface պլանշետը: