24 ապրիլ, 2013 09:52

1915թ., ապրիլի 24

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

2010թ. ապրիլի 24-ին մի քանի տասնյակ թուրք և քուրդ իրավապաշտպաններ բողոքի ակցիա էին անցկացնում Ստամբուլի Հայդար Փաշա կայարանում, որտեղից 1915թ. այդ օրը մահվան ճամփորդության էին ուղարկել հայ մտավորականների առաջին խմբին: Նրանք պարզել էին աքսորված և դաժանաբար սպանված հայ գրողների նկարները:

Մեկ տարի անց՝ 2011թ. նույն օրը, հիշատակի միջոցառումներ անցկացվեցին Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում, Բոդրումում: Մասնակիցները դատապարտում էին 1915թ. և հետագա տարիներին տեղի ունեցածը, այն համարում «մարդկության դեմ ուղղված հանցագործություն», «մեծ ոճիր», զորակցություն հայտնում հայերին, նրանցից ներողություն խնդրում, սակայն հիմնականում խուսափում էին «ցեղասպանություն» բառից: Հայկական երաժշտության ներքո ակցիայի բոլոր մասնակիցները ծնկի էին իջել և լռությամբ հարգում էին 1915թ. զոհերի հիշատակը: Հնչեցին ելույթներ, որոնց ընթացքում անուն առ անուն հիշատակվում էին շուրջ 250 մտավորականները, որոնք Եղեռնի զոհ են դարձել:

Հիշատակի միջոցառում տեղի ունեցավ նաև Ստամբուլի Սուլթան Ահմեդ պատմական վայրում: Թանգարանը 1915թ. բանտ էր, որտեղ մահվան ճամփորդությունից առաջ պահվում էին հայ մտավորականները: Թուրք ազգայնականները պատասխանեցին երկու գործողություններով: Թաքսիմի հարևանությամբ հավաքված մի քանի տասնյակ թուրքեր կրում էին պաստառ, որի վրա գրված էր. «Կեցցե՛ մեր նոր ազատագրական պատերազմն ընդդեմ երկրորդ Սևրի դաշնագրի»: Ապա ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները, ձեռքներին ադրբեջանական դրոշներ, անցան Իսթիքլալ պողոտայով՝ ցեղասպանության պնդումները որակելով «իմպերիալիստական ստեր»:

Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին եկեղեցիներում հիշատակվում էր Ապրիլ 24-ը, իսկ հետագայում՝ մինչև 1965թ. զարթոնքը, 1915 թվականը պաշտոնապես կամ հասարակական լայն շրջանակներում չէր նշվում: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ որպես հարազատների ու մերձավորների հիշատակի օր, հիշվում էր ընտանիքների ներսում միայն:

Առաջինը երգիծաբան Երվանդ Օտյանն է Պոլսի «Ժամանակ» օրաթերթում առաջարկել 1915թ. անմեղ զոհերի համար հիշատակի հատուկ օր ընդունել և ոգեկոչել այդ օրը: Իսկ գրող Վրթանես Փափազյանը նամակով դիմել է Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսին՝ առաջարկելով ապրիլի 24-ը հայտարարել Նահատակների օր՝ ի հիշատակ հայ մտավորականների, որոնք 1915թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ձերբակալվեցին Պոլսում և Հայդար փաշա կայարանից տարվեցին դեպի Այաշ, Չանղըրը և մյուս սպանդանոցներ: Մի քանի օր անց կաթողիկոսի դիվանը շրջաբերականով (ըստ այլ տեղեկությունների՝ նաև կաթողիկոսական կոնդակով) հրահանգել է Ապրիլ 24-ն ընդունել որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր և բոլոր եկեղեցիներում այդ օրը մատուցել հոգեհանգստյան պատարագ:

Մինչև քեմալականների վերջնական հաղթանակը ժամանակակից Թուրքիայի ամբողջ տարածքում Ապրիլ 24-ը նշվել է նաև Պոլսում: Եթե Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1922թ. ապրիլյան համարներում անդրադարձ չկա Մեծ եղեռնին, ապա Պոլսի հայկական թերթերը բավական տեղ են հատկացրել: «Ճակատամարտը» օրաթերթը ընթերցողներին տեղեկացրեց, որ «համաձայն Հայրապետական կարգադրության՝ առաջիկա երկուշաբթի օրը՝ ապրիլ 24-ը, Ազգային տոն է հռչակվել՝ ի հիշատակ մեր բյուրավոր նահատակների, նույն օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում պիտի մատուցվի Պատարագ, և կատարվի հոգեհանգիստ»:

Ապրիլի 25-ի համարում «Ճակատամարտը» գրեց. «Երեկ կեսօրին անհամար բազմություն էր հավաքվել Շիշլիի ազգային գերեզմանատանը՝ հարգելու հիշատակը Ապրիլ 24-ի զոհերի: Դաշնակցության կողմից խոսեց Ամատունին, հնչակյանների կողմից՝ Սեդրակ Քառյանը: Հայ արվեստի տան անունից խոսեց Վահան Թեքեյանը: Նա ասաց, որ եկել ենք խոնարհվելու մեր մեծ մեռելների հիշատակին: Հայ երիտասարդության անունից խոսք ասաց Միսաք Մանուշյանը. «Ամբողջ ժողովրդի կեսը դարձել է հուղարկավորը մյուս կեսին: Մեռելներ, մեռելներ, մեռելներ՝ 7 տարի առաջ, 13 տարի առաջ, 27 տարի առաջ»:

Հայոց ցեղասպանությունից փրկվածները, որոնք ապաստան գտան Խորհրդային Հայաստանում, չէին կարող բարձրաձայնել իրենց պատուհասած ողբերգությունը, քանի որ Թուրքիայի և Խորհրդային Միության միջև հաստատվել էին բարեկամական հարաբերություններ: Հայության ընդհանուր ցավը և հավաքական հիշողությունները պարփակվել էին առանձին ընտանիքների ներսում:

Խորհրդային Հայաստանում Ապրիլ 24-ը որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որը հետագայում ավանդական դարձավ, առաջին անգամ պաշտոնապես նշվել է 1965թ.: Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն 1964թ. օգոստոսի 17-ը հայրապետական կոնդակով 1965 թվականը «ազգային սուգի եւ աղոթքի տարի» հռչակեց:

1965թ. ապրիլի 24-ին Երևանում կազմակերպվեց զանգվածային  հզոր ցույց, որի մասնակիցները, դատապարտելով 1915թ. Ցեղասպանությունը, առաջ էին քաշում հայկական հողերի վերադարձի հարցը: Այս համաժողովրդական աննախադեպ ցույցը դժվար թե կազմակերպվեր, եթե չլիներ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Յակով Զարոբյանը, որը Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը պաշտոնապես հիշատակելու նպատակով լուրջ աշխատանք էր կատարել Կրեմլում:

Խորհրդային իշխանությունները թույլատրեցին, որ Մայր Աթոռը Ապրիլի 24-ին Սուրբ պատարագ մատուցի և հոգեհանգստյան պաշտոն կատարի ի հիշատակ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի:

Ապրիլ 24-ին մայրաքաղաք Երևանի գլխավոր՝ Լենինի հրապարակում հավաքված բազմությունը նախ շարժվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ ծաղկեպսակ դնելու Կոմիտաս վարդապետի շիրմին: Կեսօրին շուրջ հարյուր հազարի հասնող բազմությունը դուրս եկավ հրապարակից, շարժվեց Երևանի գլխավոր պողոտաներով, ապա կրկին վերադարձավ Լենինի հրապարակ, որը ողողված էր «Մեր հողերը, մեր հողերը» գրությունը կրող մեծատառ պաստառներով: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: