Գողի ու ոստիկանի արանքում

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած ավազակային հրաձգության փաստին և այն հանգամանքին, որ դա տեղի է ունեցել Գյումրիի քաղաքային ոստիկանության գրեթե հարևանությամբ, ասել է, որ եթե «գյումրեցիները, որ էդքան խոսում են պատվից ու ինքնասիրությունից, մի քիչ քիչ գողական մտածեն, ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Գյումրեցիներին «գողական» մտածելու մեջ մեղադրելով՝ հավանաբար ոստիկանապետը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ դեպքի մասին ոստիկանությունը շատ ուշ է ահազանգ ստացել, հետևաբար չի հասցրել կանխել ականատեսների վկայությամբ շուրջ 20 րոպե տևած փոխհրաձգությունը:

Մտածողությունը պատահական չի ձևավորվում, և եթե գյումրեցիները խուսափում են կրիտիկական պահերին դիմել ոստիկանության օգնությանը, դրա մեղավորը ոչ թե գյումրեցին է՝ իր «գողական» մտածելակերպով, այլ ոստիկանական համակարգը: Գաղտնիք չէ, որ ոստիկանության նկատմամբ գոյություն ունի հանրային վստահության կրիտիկական ցածր աստիճան: ՀՀ քաղաքացին զգուշանում է դիմել նույն ոստիկանների օգնությանը, քանի որ ոչ առանց հիմքերի կասկածներ ունի, որ ինչ-որ բան կարող է իր դեմ շրջվել, ավելին՝ նա կարող է ոստիկանների հնարավոր անգործության հետևանքով անպաշտպան մնալ կրիմինալ խուժանի առաջ:

Մտածողության «գողական» դրսևորումը, որը յուրահատուկ է ոչ միայն գյումրեցիներին, վկայում է այն մասին, որ ոստիկանական և ամբողջ իրավապահ համակարգը շարունակում է ընկալվել ոչ թե հանրային շահի պաշտպան, այլ իշխանության մահակ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ կլանային շահերի սպասարկու: Գյումրեցիների «գողական» մտածողության թեմայով անհանգստանալու փոխարեն ճիշտ կլիներ արմատական բարեփոխումների ենթարկել ողջ իրավապահ համակարգը: Միայն այդ դեպքում «գողական» մտածելակերպը կարող է տեղի տալ:

Մեկնաբանել