26 ապրիլ, 2013 11:14

Գաղջի գործարան

Հետազոտական գործակալությունների Gallup International/WIN ասոցիացիան 50 երկրներում հարցում է իրականացրել մարդկանց՝ տնտեսության հեռանկարների նկատմամբ լավատեսության/հոռետեսության մասին և կազմել լավատես և հոռետես երկրների ցուցակներ: Հարցումն անցկացվել է 2012թ.: Ըստ դրա՝ զարգացող երկրներն ավելի լավատես են, քան զարգացածները:

Հարցման արդյունքներով՝ աշխարհի ամենալավատես երկիրը Վրաստանն է, որին հաջորդում է Ադրբեջանը: Հայաստանում մեկ տարվա ընթացքում հոռետեսությունն աճել է 19%-ով և կազմել -11%:

Ապրիլի սկզբին մեկ այլ հարցում էր հրապարակել Gallup, Inc.-ը, ըստ որի՝ նախկին ԽՍՀՄ 12 հանրապետությունների շարքում երկրից արտագաղթել ցանկացող մարդկանց ամենամեծ ցուցանիշը Հայաստանում էր՝ 40%: Վրաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում էր 14%:

Այսպիսի հարցումները մի շարք ինչու-ների պատասխան են պահանջում մեզանից. ինչո՞ւ ամենաշատը մենք ենք ցանկանում արտագաղթել, ինչո՞ւ մեզ մոտ լավատեսության 19% անկում կա, երբ տնտեսական աճը կազմել է 7%, ինչո՞ւ գրեթե նույն աշխարհագրությունը կիսող մեր հարևանները ոչ միայն լավատեսների ցուցակում են, այլև նույնիսկ գլխավորում են և այլն:

Հայաստանում ինչու-ների պատասխանները թերևս դժվար չէ հասկանալ: Մարդկանց տնտեսական հույսն ու լավատեսությունը կախված են քաղաքական գործընթացներից, վաղվա օրվա նկատմամբ կանխատեսելիությունից ու վստահությունից, սեփական երկրում սեփական ձայնով ինչ-որ բան փոխելու կարողությունից և արժանապատվությունից:

Եթե Ադրբեջանում մարդկանց լավատեսություն է ներշնչում նավթն ու դրանից սնվող տնտեսությունը, ապա Վրաստանում, միանշանակ կարելի է պնդել, մարդկանց լավատեսության հիմքում քաղաքական պատճառներն են: Այդ երկիրն առաջին անգամ կարողացել է խաղաղ ճանապարհով իշխանափոխություն իրականացնել:

Այս հարցումները Հայաստանում առկա բարոյահոգեբանական անկումային մթնոլորտի խոսուն վկայությունն են: Ընդ որում՝ տնտեսական անկումից շատ ավելի վտանգավոր է տնտեսական հեռանկարի նկատմամբ լավատեսության անկումը: Առաջինի դեպքում ազգային անվտանգության խնդիրները նման սրությամբ չեն արտահայտվում, որքան երկրորդի: Արտագաղթի համար լավատեսության բացակայությունը թերևս ավելի որոշիչ գործոն է, քան տնտեսական անկումը:  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: