«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի անձնակազմը մասնակցել է Ծիծեռնակաբերդի ծաղկահավաքին

Լուսանկարը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 4-րդ անգամ իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է արդեն ավանդական դարձած ծաղկահավաք, որն այս տարի տեղի է ունեցել ապրիլի 26-ին, ասված է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածած հաղորդագրությունում:

Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած մի շարք կամավորներ, բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ նոր շունչ են հաղորդել ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկների: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի անձնակազմը նույնպես մասնակցել է ծաղկահավաքին:

Նախքան 2010թ. շուրջ 2 տ ծաղիկներ հավաքվում և այրվում էին որպես աղբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով նախաձեռնել է ծաղկահավաքի միջոցառումը, որը և սկսել է իրականացնել 2010-ից: Ծաղկահավաքի նախաձեռնությունը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Երկրի օր քարոզարշավի շրջանակում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ համատեղ:

Միջոցառման շրջանակում անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվում են, ցողուններն առանձնացվում են ծաղկաթերթիկներից, որոնցից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվում և օգտագործվում են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից օգտագործվում են բացիկների, շնորհակալագրերի և նամակների նպատակով:

«Թեև նախաձեռնողն ենք, բայց մենք ձգտում ենք այն բանին, որ, մեզ հետ թե առանց մեզ, ծաղկահավաքը գեղեցիկ ավանդույթ դառնա և շարունակական լինի»,- ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին` հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելով: Մի քանի օր հետո այդ ծաղիկները թոշնում են: Ինչպե՞ս կարելի է վարվել այդ ծաղիկների հետ: Հարց, որն առաջին հայացքից պարզ է թվում, սակայն, շատ ավելի բարդ է իրականում և բարձրացնում է կարևոր հարցադրում` որքանո՞վ է նպատակահարմար և թույլատրելի, որ այդ ծաղիկները հայտնվեն աղբանոցում կամ այրվեն: Հատկանշական է, որ այրելը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ, այդ ծաղիկները ծառայում են մեր պահանջատիրության գործին»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մեկնաբանել