Առաջատարը «Բարև Երևան»-ն է. Ր.Հովհաննիսյան

Ազատության հրապարակ մեկնարկեց «Բարև Երևան» դաշինքի նախընտրական հանրահավաքը:

Հրապարակում Հայաստանին, Երևանին, «իրեն քննադատող ու կծող լրագրողներին» ողջունեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ինքն այստեղ էր շարունակական պայքարով, և թեպետ օրեր են եղել, որ իր հետ միայն հինգ հոգի է եղել, օրեր են եղել՝ հինգ հազար, միևնույնն է պայքարը շարունակվել է:

Նա նշեց, որ մյուս ընտրություններում, թերևս, ինքը կքվեարկի «բարեկամ Արմեն Ռուստամյանի, Վահագ Խաչատրյանի ու Վարդան Օսկանյանի օգտին», սակայն հիմա կոչ է անում քվեարկել «Ժառանգություն» կուսակցության օգտին: «Մայիսի 5-ի նախաշեմին մենք ունենք աննախադեպ հնարավորություն ոչ թե տանը նստելու, խավարն անիծելու, այլ Երևանը ժողովրդին վերադարձնելու: Եվ կա մի ցուցակ, որ… բացեք կենսագրությունները, համեմատեք մեր թեկնածուները մյուսների հետ, մեր գիտնականները, իրավապահները, բնապահպանները մյուսների հետ: Մարդիկ են, որ եղել են Մաշտոցի պուրակի պայքարում, Արցախի ազատամարտում»,- նշեց նա:

«Մայիսի 5-ից հետո ունենալու ենք նոր վիճակ. այժմ «Բարև Երևան»-ը առաջատար է, իրական պայքարում ոչ մեկը 40 տոկոս չի վերցնում»,- նշեց նա՝ կոչ անելով մյուս բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին պատրաստվել: «Մեզ համար մեծ հպարտություն է, որ մարդիկ, ովքեր կանգնեցին այս հարթակում ոչ միայն այն ժամանակ, երբ մոդա էր՝ նկարահանվելու, կայքում դրվելու համար, այլ՝ իրական պայքարի համար, մեզ հետ են, և մենք կանգնած ենք պայքարի առաջին գծում: Եվ մենք ասում ենք՝ ապրիլի 9-ի մեր երդումից մեզ ոչ մի բան հետ չի պահելու: Ոչ թե կեղծ երդումով, ոչ թե կեղծ օրհնանք ստանալով՝ մենք չենք ծախվելու, հետ չենք կանգնելու: Պատասխանատվությունը մեր վզին է: Ինչպես վկայում է նախկին վարչապետը, ժողովուրդը փախչում է Բագրատաշենով, այդ հոսքը մենք պիտի կանգնեցնենք: Այդ առաջարկը ես արել եմ փետրվարի 18-ին պարտված թեկնածու Սերժ Սարգսյանին: Սակայն մենք բոլորս գիտենք, որ հայ լինելը, հայաստանցի լինելը ամեն մարդու բան չէ. դա պայքար է՝ պիտի պայքարենք նաև մեր դեմ: Մենք հրաշք ժողովուրդ ենք, մենք հրաշք երկիր ու հրաշք քաղաք ունենք: Բայց նաև մեր մեղքերն ունենք: Ու մենք պիտի պայքարենք դրանց դեմ: … Մի քանի ամիս կտևի, թե մի քանի տարի, բայց հինգ տարի այս իշխանությունը չի նստելու Բաղրամյան 26-ում»,- ասաց նա:

Շնորհավորելով գազանանոցի վերաբացումը՝ նա հիշեցրեց, որ նախագահական ընտրություններից առաջ էլ քաղաքագետներն ու քաղտեխնոլոգներն իրենց քվեներ ստանալու հավանականությունը գնահատում էին շուրջ 5 տոկոս: «Ես ասում եմ՝ Անդրանիկի որդի Տարոնը, հարգանք բոլորի հիշատակին, չի ընտրվելու»,- ամփոփեց նա:

Մեկնաբանել