Ինչն է սիրուն, ինչը՝ ոչ

Երևանի ավագանու ընտրությունների թեմայով «Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ հանրային բանավեճ էր կազմակերպել, որի բանախոսներն էին ընտրություններին մասնակցող ոչ իշխանական քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները՝ Մեսրոպ Առաքելյանը՝ «Առաքելություն» կուսակցությունից, Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ-ից, Արմեն Մարտիրոսյանը՝ «Ժառանգությունից», Վահագն Խաչատրյանը՝ ՀԱԿ-ից, և Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ից: Բանավեճին հրաժարվել էին մասնակցել իշխող Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները:

ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ցուցակների ոչ միայն առաջին համարների, այլև ընդհանրապես որևէ ձևով մասնակցության բացակայությունը խոսում է առնվազն այն մասին, որ իշխանությունը հանրության հետ կիսվելու որևէ բան չունի: Նրանք սարսափում են հրապարակային խոսքից, առավել ևս՝ բանավեճից, քանի որ թե՛ վերջին տարիներին կատարած աշխատանքների հրապարակային հաշվետվության հարցում խիստ խոցելի են և բացի այդ՝ դեմ առ դեմ օբյեկտիվ քննադատության պարագայում նույն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը պարզապես կարող են խայտառակվել: Դրան գումարվում է, իհարկե, այն հանգամանքը, որ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի առաջին համարները հրապարակային խոսք չեն կարող ասել, առավել ևս՝ մասնակցել բանավեճի:

Բանավեճերից խուսափելը դարձել է ՀՀԿ յուրօրինակ բրենդը, և դա միայն Տարոն Մարգարյանի անձով պայմանավորելը այդքան էլ ճիշտ չէ: Թե՛ խորհդարանական և թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն հետևողականորեն խուսափում էր քաղաքական ընդդիմախոսների հետ հրապարակային բանավեճերից: Սրանով հավանաբար իշխանությունը ևս մի ազդակ է տալիս հասարակությանը, որ իրեն ամենևին էլ չի հետաքրքրում հանրության վերաբերմունքը, քանի որ վերարտադրվելու համար իշխանությունը տիրապետում է «առավել» արդյունավետ մեխանիզմների, քան հանրության քվեն է:

Իսկ բուն բանավեճի մեջ բավական մեծ տեղ զբաղեցրեց Երևան քաղաքում աղբահանության թեման և դրա շուրջ պտտվող գումարները: Սա ևս բնականոն է, քանի որ տարիների ընթացքում իշխանությունները կամակատար քաղաքապետների միջոցով ստեղծել են այնպիսի հանրային ընկալում, որ Երևանի քաղաքապետը աղբ հավաքող, ջուր մատակարարող և փողոց ասֆալտող բրիգադներ կոորդինացնող պաշտոն է ընկալվում:

Բնականաբար, այդպիսի կարգավիճակով քաղաքապետը գործող իշխանությունների համար լավագույն նվերն է: Հակառակ դեպքում, Երևանի քաղաքապետը կարող է վերածվել քաղաքական լուրջ և ինքնուրույն գործոնի: Իսկ այսօր քաղաքապետին ասում են՝ ինչն է սիրուն, ինչը՝ ոչ:

Մեկնաբանել