Ցանկանում եմ, որ ինչպես՝ հայրաքաղաքը, հաղթի նաև մայրաքաղաքը. Ա.Մարտիրոսյան

Մենք մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին մի համոզումով՝ կառավարման համակարգը փոխելու համար. Ազատության հրապարակում շարունակվող հանրահավաքում նշեց «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

«Երևան քաղաքը ռեսուրսների առումով շատ մեծ նշանակություն ունի. կառավարումը, եկամուտների բաշխումը, բիզնես անելն այստեղ բացառապես քաղաքական որոշման արդյունք են: Կարևորն այստեղ ավագանին է, որն ընտրելու եք: Երևանի քաղաքապետը, Երևան քաղաքի ավագանու, «Բարև Երևան» դաշինքի որևէ անդամ չի ունենալու բիզնես: Ինչպես այս ամբողջ ընթացքում «Ժառանգության» անդամներն են սպասարկել, սպասարկելու են քաղաքացու շահը՝ ուրիշ ոչ մի շահ չեն սպասարկելու: Եվ դա է, որ թույլ չի տալու, Երևանի քաղաքապետը 500 անգամ հարստանա: Որևէ դեպքում Երևանի փոքրիկ մի դալանը նկարազարդելու համար 3000 դոլար չի ծախսվելու, երբ Գեղարվեստի ակադեմիայի սաները, վստահ եմ, դա ձրիաբար կանեն: Որևէ դեպքում գումար չի տրամադրվելու, որ վալաչկովա բերեն, քանի որ Հայաստանում ունենք Արթուր Իսպիրյանի նման իրական արվեստագետներ, բարձրակարգ դերասաններ»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց նաև, որ նման սկզբունքով աշխատելու դեպքում կարճ ժամանակում մեծ գումարներ կկուտակվեն, և դրանք հնարավոր կլինի ուղղել Մետրոպոլիտենի նոր կայարան կառուցելուն, փողոցները բարձրակարգ ասֆալտով նորոգելուն, ներկրվելու են նորմալ ավտոբուսներ՝ «ոչ թե այս ավտոբուսների նման, որոնցով պիտի կռացած, գլուխդ թեքած» երթևեկես: «Անօրինական որոշումներ կայացրածները կանգնելու են դատարանի առաջ ու պատժվելու են: Ես ցանկանում եմ, որ մեր մայրաքաղաքը, ինչպես փետրվարի 18-ին մեր հայրաքաղաքը՝ Գյումրին հաղթեց, հաղթի, ու «Բարև Երևան» դաշինքին ձայն տա: Իմ խնդրանքն ու հորդորն է. դուք ունեք իրական փոփոխության հնարավորություն: Մենք ձեր հորդորը լսել ենք, և մայիսի 5-ին ունենալու ենք վստահելի վստահված անձինք. Ձեր տված ձայնը պահպանվելու է. ուստի գնանք տեղամաս ու ասենք՝ բարև, Երևան»,- ամփոփեց նա:

Մեկնաբանել