3 մայիս, 2013 19:27

Դրանք աղվեսի սպառնալիքներ են, որը պահանջում է ճտերին. դեռ քանի՜ ճուտ ունեք. Վ.Հովհաննիսյան

Երևանի «Ազնավուրի» հրապարակում մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների եզրափակիչ հանրահավաքը: Ինչպես մեկնարկին նշեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ-ի համամասնական ցանկը կազմված է քաղաքական բարձրագույն մակարդակով: «Ոչ մի այլ քաղաքական կուսակցության մոտ ղեկավար կազմը չէ, որ գլխավորում է ցուցակը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՅԴ-ի ցուցակի առաջին, երկրորդ և երրորդ ներկայացուցիչները Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու փոխներկայացուցիչներ Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանն են:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը բացման խոսքում նշեց, որ ինքը հպարտ է, որ իրավունք ունի ներկայանալ այս թիմով: Նրա խոսքով՝ իշխանության կուսակցության թեկնածուն ինչպես նախագահական ընտրություններում ամենուր ներկայանում էր մենակ, այնպես էլ հիմա՝ Երևանի ավագանու ընտրություններում է ներկայանում միայնակ, քանի որ ներակայալի թիմ չունի: «Ոչ ոք չի կարող ձեզ կաշկանդել: Ամեն ինչը սպառնալիք է՝ էն հին հեքիաթի պես, որտեղ աղվեսը պահանջում է ճտերին գցել ցած: Դեռ քանի՜ ճուտ ունեք ցած գցելու: Այս երկիրն այսօր կախված է մեզանից: Կամ մենք գնում ենք ու քվեարկում ենք Դաշնակցությունը, կամ ապահովում ենք ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնություն քաղաքապետարանում, կամ հետո լաց չենք լինում»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ մեր ժողովուրդը հաճախ է ընտրություններում նահանջում՝ արտաքին վտանգի սպառնալիքի առաջ. Երևանում այդ սպառնալիքը չկա:

Հանրահավաքի ժամանակ, ինչպես նախկինում էլ եղել է, հրապարակում միացվեցին շատրվանները: «Տեսա՞ք, ջուրը միացրին, որ ինձ չլսեք: Մենք այս ջրի մեջ կխորտակենք դրանց»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: