Ազատության հրապարակը՝ Լակմուսի թուղթ

Քաղաքական ուժերի համար Ազատության հրապարակը վերածվել է յուրօրինակ լակմուսի թղթի, որտեղ իրենց համակիրների բազմությունը ցուցադրելը սպառնում է դառնալ համահայկական քաղաքական սպորտաձև: Հատկապես ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը Ազատության հրապարակում հանրահավաքներ կազմակերպելը դիտարկում են որպես մկանների ցուցադրություն, որով ազդակներ են հղվում գործող իշխանություններին: Իր հերթին՝ իշխանությունը քաղաքական ուժի կշիռն ու ազդեցությունը դիտարկում է՝ ելնելով այն հանգամանքից, թե տվյալ ուժը քանի հազար մարդ կարող է բերել Ազատության հրապարակ:

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ որպես Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների հետ հաշվի նստելու հանգամանք պատճառաբանեց Ազատության հրապարակում դժգոհ քաղաքացիների թվաքանակը: Պարզվեց, որ այն ուժը, որը ընդամենը երեք հազար մարդ է հավաքում հրապարակում, չի արժանանալու իշխանության ուշադրությանը: Սրանով կարծես Սերժ Սարգսյանը մրցակցություն է հրահրում ոչ իշխանական ուժերի շրջանում:

Սակայն իրականում Ազատության հրապարակը վերածվում է քաղաքացիների դժգոհության էներգիայի մսխման հարթակի, որտեղ հատկապես նախընտրական շրջանում գանգրացրած քաղաքական գործընթացները ավարտվում կամ փակուղի են մտնում: Հրապարակում ընդամենը մի քանի օր տևող հանրային դժգոհության էներգիայի պոռթկումից հետո առաջնորդող քաղաքական ուժը հայտնվում է փակուղու առաջ, քանի որ դեռևս չի գտնվել այն արդյունավետ ճանապարհը, որի միջոցով հնարավոր կլինի հասարակության մեծամասնության կարծիքը թելադրել իշխանություններին: Իսկ Քաղաքական զորահանդես հիշեցնող միանվագ հանրահավաքները որևէ քաղաքական խնդիր չեն լուծում՝ բացի սեփական համակիրների հետ առերես շփումներից:

Ազատության հրապարակում տարբեր ժամանակահատվածներում ընդդիմության ֆիասկոները հուշում են, որ ժամանակն է, որ քաղաքական ուժերը հանրության մեջ տիրող իրական դժգոհությունը իշխանությանը ցույց տալու այլընտրանքային միջոցների մասին մտածեն՝ իհարկե չբացառելով հանրահավաքները: Բնականաբար, իշխանություններից դժգոհ քաղաքացիների թիվը բազմաթիվ անգամ գերազանցում է Ազատության հրապարակում գտնվողների թվին: Սակայն վերջին տարիներին ձևավորված քաղաքական մշակույթը ենթադրում է հանրային դժգոհության մակարդակը չափել Ազատության հրապարակով, որը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ամենևին իրականությունը չի արտահայտում:

Մեկնաբանել