6 մայիս, 2013 16:44

Տարոնինակ երկիր

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո աշխարհի բազմաթիվ կառավարություններ ստիպված էին հեռանալ՝ ոչ միայն արձանագրված անկման, այլ նույնիսկ ոչ բավարար աճի համար: Սկսած Եվրոպայի կորիզ երկրներից, ինչպիսին Ֆրանսիան ու Իտալիան են, մինչև արվարձանային երկրներ, ինչպիսի Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան ու Իռլանդիան են, հրաժեշտ տվեցին իրենց իշխանություններին: Իշխանությունը զիջեցին այնպիսի խարիզմատիկ դեմքեր, ինչպիսիք էին Սարկոզին ու Պապանդրեուն:

Մեր քթի տակ՝ հարևան Վրաստանում, կառավարությունը ստիպված էր զիջել նաև Վրաստանի պատմության ամենախարիզմատիկ առաջնորդներից մեկը՝ Միխեիլ Սաակաշվիլին:

Հայաստանում՝ 2008-2009 թվականների ճգնաժամի արդյունքում աշխարհում երկրորդ ամենամեծ անկում արձանագրած երկրում (առաջինը Ուկրաինան է, որտեղ նույնպես իշխանափոխություն է տեղի ունեցել), իշխանության տոկոսները աճում են, դիրքերն ամրապնդվում են: Մեկ տարվա ընթացքում՝ միանձնյա հաղթանակ խորհրդարանում, առաջին փուլով հաղթանակ՝ նախագահական ընտրություններում և հիմա՝ Երևանի ավագանու ընտրություններում:

Մի կողմ թողնելով ընտրությունների օրինականության, ընտրախախտումների մասին իշխանության և ընդդիմության փոխադարձ մեղադրանքներն ու ամբաստանությունները, պետք է փաստել մեկ բան. 15 տոկոս տնտեսական անկում, 35 տոկոս աղքատություն և ահագնացող արտագաղթ ունեցող երկրում իշխանությունը չի կարող այդպիսի ժողովրդականություն ունենալ:

Ընտրությունից ընտրություն այս իրողությունը դառնում է «աննորմալ նորմալություն» (եզրի հեղինակը Թաթուլ Հակոբյանն է):

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: