€112 հազ.` «Եհովայի վկաներին»

Նորանշանակ կառավարությունն իր այսօրվա` մայիսի 8-ի նիստում արդարադատության նախարարությանը հատկացրել է €112 հազ-ին համարժեք դրամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից։

Դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամներ են, որոնք իրենց գանգատը ներկայացրել են 2006թ. մարտի 31-ին։ Եվրոպական դատարանը վճռել է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է փոխհատուցվեր դիմումատուների ոչ նյութական վնասը, ինչը ժամանակին չի արվել։

Կից ներկայացված տեղեկանք-հիմնավորումում նշվում է, որ ըստ ՄԻԵԴ-ի վճռի` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել` €6 հազ-ին համարժեք դրամ յուրաքանչյուր դիմումատուին: €10 հազ-ին համարժեք դրամ բոլոր դիմումատուներին միասին` որպես դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցում:

Նշված գործերով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2013թ. փետրվարի 27-ին, հետևաբար, վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2013թ. մայիսի 27-ն է:

Նշենք, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2004թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո` դիմումատուները դիմել են համապատասխան մարմիններին` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն այլընտրանքային ծառայություն անցնելու համար: Նրանց դիմումները բավարարվել են, և դիմումատուները ծառայությունը կրելու նպատակով տեղավորվել են տարբեր քաղաքացիական հաստատություններում:

2005թ. մայիս և հունիս ամիսներին դիմումատուները գրավոր նամակներ են ուղարկել ծառայության վայրերի տնօրեններին` հայտնելով, որ քանզի իրենց այլընտրանքային ծառայությունն իրականացվում է զինվորականների հսկողության ներքո, այն այլըտրանքային համարվել չի կարող և իրենք այլևս չեն կարող շարունակել ծառայությունը: Նրանք պահանջում են փոփոխել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որպեսզի նրանք կարողանան իրական այլընտրանքային ծառայություն անցնել: Նամակներն ուղարկելուց հետո դիմումատուները լքել են ծառայության վայրերը: 2005թ. հունիսին նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Տասնինը դիմումատուներից տասնչորսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ հինգի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Մեկնաբանել