Viber-ը` արդեն նաև Mac-ի և Windows-ի համար

Viber մեսենջերը, որը հնարավորություն է տալիս տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր փոխանակվել և զանգեր կատարել, թողարկել է իր բջջային ծրագրի Mac և Windows տարբերակները, հաղորդում է Mashable-ը:

Նշենք, որ մինչ բջջային ծրագրի «դեսքթոփային» տարբերակի թողարկումը, Viber-ը հասանելի էր iOS, Android, Windows Phone, bada, Series 40, Symbian և BlackBerry օպերացիոն հարթակների համար:

Viber-ը համարվում է ինտերնետային հեռախոսակապի Skype խոշորագույն ծառայության գլխավոր մրցակիցը: Այն առաջին անգամ հայտնվել է iPhone սմարթֆոններում 2010թ. դեկտեմբերին: 2011թ. մայիսին թողարկվել է Viber-ի տարբերակը Android-ի համար, իսկ մեկ տարի անց` Windows Phone-ի և BlackBerry-ի համար: Մեսենջերը թարգմանվել է 27 լեզուներով:

Viber-ի Mac և Windows տարբերակները կարելի է բեռնել մեսենջերի պաշտոնական կայքից: Հատկանշական է, որ ստարտափը ներկայացրել է նաև Android օպերացիոն համակարգի համար նախատեսված թարմացված Viber 3.0 տարբերակը, որն ունի նոր` Holo ինտերֆեյս (միջերես):

2013թ. գարնան վերջին Viber-ի օգտատերերի թիվը կազմել է 200 մլն, մինչդեռ 2012թ. հուլիսին մեսենջերն ուներ 90 մլն օգտատեր:

Մեկնաբանել