Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ. Հ.Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշին. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Կարևորելով պարոն Սորարեշի այցը տարածաշրջան` ԱԺ նախագահը նշել է, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հարավային Կովկասի երկրներում տիրող քաղաքական իրավիճակներին, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ և հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Նրա համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև տարածաշրջանի համար:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշել է, որ իրենց ցանկությունն է, որ տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն և բոլոր հակամարտությունները լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում: Նա կարևորել է ԵԱՀԿ ԽՎ-ի և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա արդյունավետ փոխգործակցության զարգացումը և խորացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Մեկնաբանել