Մսխված գաղափարներ

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի Ազատության հրապարակում մի քանի տասնյակ ազատամարտիկներ նստացույց են անում՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով իրենց վիճակի բարելավում: Երեկ մոտ 70 ազատամարտիկ Ազատության հրապարակից երթով շարժվեց դեպի կառավարության շենք: Ազատամարտիկների երթը գլխավորում էր պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը մայիսի 11-ից նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: «Մենք մի բան ենք պահանջում՝ արժանապատվություն: Ուզում ենք, որ ազատամարտիկը գոնե արժանապատիվ կենսաթոշակ ստանա: Կառավարությանը հանձնած նամակում մենք պահանջում ենք վերանայել սպաների կենսաթոշակային համակարգը, պահանջում ենք հատուկ ուշադրություն դարձնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու այն ընտանիքներին, որոնց որդիները զոհվել են զինծառայության ընթացքում»,– ասել է Ավետիսյանը (Aysor.am):

Առավել քան տրամաբանական և բարոյական պետք է լիներ, որ Արցախյան ազատամարտի մասնակիցները պետության կողմից դիտվեին որպես հատուկ ուշադրության արժանի սոցիալական խումբ՝ դրանից բխող նյութական հետևանքներով: Սակայն հաղթանակից ավելի քան երկու տասնամյակ անց հայրենի պետությունը բոլոր ազատամարտիկների համար չի կարողանում արժանավայել կյանք ապահովել:

Նրանց զգալի մասը պարզապես գոյատևում է, մի մասը արտագաղթել է կամ պատրաստվում է արտագաղթել, մի մասն էլ ճարպկության և այլ միջոցներով հաջողել է մեծ հարստություն կուտակել և վերածվել արտոնյալ դասի, որի նկատմամբ նույնիսկ օրենքներն են անզոր: Սա թերևս խոսում է այն մասին, որ պետության կողմից համակարգային մոտեցում չկա հաղթանակի գաղափարը ոչ թե կենացներով ու գույնզգույն հանդիսություններով, այլ իրականում արժևորելու համար:

Յուրաքանչյուր պետության կամ ազգի հաղթանակի հարատևությունը կախված է այն բանից, թե ինչպես և ինչքանով է այն արժևորվում իրական կյանքում: Եթե այդ արժևորումը բաժակաճառերն են ու պատերազմի մասնակից այս կամ այն խմբի միջև խորացող սոցիալական ու նյութական անհավասարությունը, ապա կարելի է միանշանակ ասել, որ դա մսխված հաղթանակ է: Հաղթանակը միանվագ գործ չէ. այն շարունակաբար սնել է պետք, որպեսզի ռազմի դաշտում ձեռք բերված հաջողությունը վերաճի հաջողությունների այլ բնագավառներում:
Հակառակ պարագայում ստիպված ենք արձանագրել, որ շագրենի կաշվի նման մեր հաղթանակից մի օր այլևս ոչ մի կտոր չի մնա:

Մեկնաբանել