15 մայիս, 2013 10:03

Գազընտիր իշխանություն

«ՀայՌուսգազարդը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ գազի սակագինը վերանայելու հայտով: Ընկերությունն առաջարկում է մինչև 10 հազ. խմ սպառողների համար (բնակչության) 1000 խմ գազի ներկայիս 132 հազ. դրամ գինը բարձրացնել մինչև 221 հազ. դրամ, իսկ խոշոր գազ սպառողների համար ներկայիս 243 դոլարի փոխարեն սահմանել 392 դոլար:

ՀԾԿՀ-ն, բնականաբար, «ՀայՌուսգազարդի» հայտը քննելուց հետո կորոշի գազի սակագինը բարձրացնել, իհարկե ոչ այն չափով, որքան ընկերությունն է ցանկանում: Բայց որ գազի գինը կբարձրանա, ոչ ոք չի կասկածում: Թեև, ի դեպ, անցած մեկ տարվա ընթացքում Մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ Ռուսաստանից ներկրվող գազի գինն արդեն իսկ բարձրացել է:

Առաջին հայացքից «ՀայՌուսգազարդի» հայտը զուտ բիզնես է. ընկերությունը դիմել է հանձնաժողովին, ինչպես դիմում են այլ ընկերություններ: Սակայն խնդիրն այստեղ առավել քան քաղաքական է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գազի թանկացումը շղթայական ռեակցիայով հանգեցնելու է այլ էներգակիրների, տրանսպորտի և շատ մթերքների թանկացման, ապա «ՀայՌուսգազարդի»՝ ՀԾԿՀ-ին դիմելու ժամանակը լրիվ խոսում է այն մասին, որ ընկերությանն այդ քայլին թույլ չեն տվել գնալ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում կայացած երեք խոշոր ընտրությունների ժամանակահատվածում, և գազի սակագինը բնակչության համար չի փոխվել: (Դեռևս հայտնի չէ, թե Հայաստանն ինչ է դրա դիմաց խոստացել Ռուսաստանին: Վարկածներից մեկն այն է, որ Հայաստանի կառավարությունը հօգուտ ռուսների կարող է հրաժարվել «ՀայՌուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժնի կեսից):

Սա թերևս այն դեպքն է, երբ տնտեսության համար ավելի նպաստավոր կլիներ գազի աստիճանական թանկացումը՝ առանց խնդրի քաղաքականացման, որովհետև գազի՝ միանգամից շուրջ 65 տոկոսով թանկացումը շոկային կարող է լինել երկրի ամբողջ տնտեսության համար՝ դրանից բխող սոցիալական հետևանքներով:

Սակայն Հայաստանում խոշոր բիզնեսների և պետական ինստիտուտների գործունեությունն ուղղված է մեկ բանի՝ իշխանության վերարտադրմանը:

Բոլոր ընտրախախտումներով ու չարաշահումներով հանդերձ՝ հայտնի չէ, թե նախորդ երեք ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեին, եթե սա լիներ ուղիղ մեկ տարի առաջ:  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: