Կայսրությունը մեռավ, կեցցե՛ կայսրությունը

Միջազգային հակամարտությունները սովորաբար ծագում են կայսրությունների փլուզման ժամանակ և լուծվում նոր կայսրությունների ստեղծման շնորհիվ: Այս միտքը կարելի է տարածել Կովկասյան տարածաշրջանի վրա՝ հաշվի առնելով, որ այստեղ ապրող ժողովուրդներին միավորել են միայն կայսրությունները, և ամեն անգամ կայսրությունների անկումն ուղեկցվել է հակամարտություններով: Ամենաթարմ հիշողության՝ ԽՍՀՄ անկումից քսանհինգ տարի էլ չի անցել:

Կովկասի նման պայթյունավտանգ մի տարածաշրջան էլ Բալկաններն են: Ապրիլի 19-ն այստեղ նշանավորվեց պատմական համաձայնության կնքումով: Սերբիայի ազգայնական իշխանությունները՝ նախագահ Թոմիսլավ Նիկոլիչի գլխավորությամբ, համաձայնեցին Կոսովոյի՝ որպես անկախ պետության գոյությանը՝ նույնիսկ «հանձնելով» Կոսովոյում ապրող 70 հազար սերբերին: Վերջիններս Կոսովոյի կազմում կունենան ինքնավարություն՝ դառնալով Կոսովոյի քաղաքացիներ:

Առաջին աշխարհամարտից հետո Ավստրոհունգարական կայսրության անկումը հակամարտության աղբյուր կարող էր դառնալ Բալկանների ժողովուրդների համար, եթե տարբեր ազգություններին մեկ պետական հարկի տակ չմիավորեր Հարավսլավիան: Այս նոր կայսրությունը կարողացավ 70 տարի զսպել ազգայնական զգացմունքները, ավտորիտար ռեժիմի հովանու ներքո խաղաղ գոյատևում ապահովել սերբերի, խորվաթների, բոսնիացիների, սլովենացիների, մակեդոնացիների ու ալբանացիների համար:
Սակայն 90-ականների սկզբին Հարավսլավիային էլ վիճակված էր արժանանալու ԽՍՀՄ ճակատագրին: Տասնամյակներ քնած ազգայնականության ժայթքումը բազմահազար զոհեր և մեծ ավերածություններ բերեց Բալկանների ժողովուրդներին: Վերջին ակորդը Սլոբոդան Միլոշևիչի տապալումն էր 2003թ. ՆԱՏՕ-ի զորքերի կողմից և Կոսովոյի անկախացման գործընթացի սկիզբը:

Ազգային պետությունների առաջացումը նույնպես չի հանգստացնում ազգայնականության զգացմունքները, եթե նորաստեղծ պետությունները հոմոգեն չեն: Կոսովոն ինքնին հակամարտության պոտենցիալ ունի, քանի դեռ այստեղ սերբերի որոշակի տոկոս կա: Միակ փրկությունը նոր կայսրության՝ վերազգային միավորի մեջ մտնելն է: Այս անգամ կայսրության դեր կարող է խաղալ Եվրոպական Միությունը:

Ապրիլի 19-ին Կոսովոյի և Սերբիայի վարչապետների միջև ստորագրված համաձայնագրում կա կետ, համաձայն որի՝ այս երկու երկրները չպետք է միմյանց խոչընդոտեն ԵՄ մտնելիս: Սերբիայի՝ ԵՄ անդամ դառնալու նախապայմաններից մեկն էլ հենց Կոսովոյի հետ հաշտության հասնելն էր:

Սերբիայի՝ ԵՄ մեջ մտնելը շատ նման է Հայաստանի՝ ԽՍՀՄ-ի մեջ մտնելուն: Կայսրության մաս դառնալով՝ մենք համաձայնեցինք Արցախի և Նախիջևանի օտարմանը: Թե ինչի բերեց այս ամենը կայսրության՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, գիտենք բոլորս: Եվրոպական կայսրության մեջ Կոսովոյի սերբերին սպասում է Նախիջևանի հայերի ճակատագիրը: Իսկ բալկանյան ղարաբաղների ծնունդ հնարավոր է ակնկալել միայն կայսրության փլուզման ժամանակ:

Մեկնաբանել