Հայոց համազգային վարժանք

Մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերականգնման նախաձեռնող խումբը, որի մեջ մտնում են նախկին ՀՀՇ-ականներ, դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀՀՇ անունով կուսակցություն գրանցելու համար:

Քաղաքական դաշտում կուսակցությունների ստեղծումն ու լուծարումը քաղաքական գործիչների համար հետաքրքիր զբաղմունք է դարձել: Փորձը ցույց է տալիս, որ այդ զբաղմունքը որևէ ընդհանուր եզր չունի հանրային շահի սպասարկման հետ: Կուսակցությունների գործունեությունը առաջին հերթին պետք է միտված լինի պետական ապարատում և քաղաքական ասպարեզում հանրության շահերը պաշտպանելուն և իրացնելուն: Սակայն Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ կուսակցությունների գերակշիռ մասի գործունեությունը ուղղված է նեղ անձնական ու կուսակցական շահի սպասարկմանը: Ավելին՝ քաղաքականությունը վերածվել է խիստ եկամտաբեր բիզնեսի, և քաղաքական գործիչների համար բիզնես հետաքրքրությունները թիրախային նպատակ են դարձել:

ՀՀՇ-ի ստեղծումը կամ վերականգնումը կարծես թե ինչ-որ չափով դուրս է վերոհիշյալ շահադիտական գործընթացներից: Այստեղ ավելի շատ ամբիցիաների ու ինչ-որ չափով պատմական արդարության կամ ռոմանտիզմի խնդիր է: Հայաստանի Հանրապետության ակունքներում կանգնած այդ կուսակցությունը կարծես թե անփառունակ վախճան կամ տրանսֆորմացիա ապրեց՝ այդպես էլ չկարողանալով ռեաբիլիտացվել և մաքրվել 90-ականների կեսերից ձեռք բերած բացասական հանրային ընկալումից: Այդ կուսակցության հիմնադրման ու կայացման հիմքերում կանգնած մի շարք գործիչներ, չհամակերպվելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ իրենց խոսքերով ասած՝ նախկին ՀՀՇ-ի կամային կառավարման և այնուհետև այդ կուսակցության անհարգի լուծարման հետ, փորձում են գոնե պատմության համար վերականգնել ՀՀՇ-ն: Այս քայլի մեջ կարելի է տեսնել նաև որոշակի ռոմանտիզմ, սակայն հիմնական մոտիվացիան հավանաբար Լևոն Տեր-Պետրոսյանից ռևանշ վերցնելու և ընդդիմադիր դաշտում նոր ուժային կենտրոն ստեղծելն է:

Այս ուղղությամբ բազմաթիվ փորձեր եղել են՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, այլընտրանքային ՀԱԿ ստեղծելու մասին խոսակցությունները և այլն, սակայն այս բոլոր նախագծերը տապալվեցին: Թե որքանով նորաստեղծ ՀՀՇ-ին կհաջողվի ընդդիմադիր հատվածում լուրջ տեղ զբաղեցնել և մրցակցել ՀՀՇ-ի հենքի վրա ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ, ցույց կտա ժամանակը:

Մեկնաբանել