17 մայիս, 2013 09:38

Գազտրիտը հաղթահարված է

Ամենայն հավանականությամբ, այս տարվա հուլիսի 1-ից սպառված գազի դիմաց Հայաստանի բնակիչները էապես բարձր գին են վճարելու: Կառավարությունը արդեն պոստ ֆակտում փորձում է ջանքեր գործադրել մեղմելու գազի թանկացման սոցիալական հետևանքները՝ այն սուբսիդավորելով անապահով խավերի համար: Սակայն ակնհայտ է, որ սուբսիդավորումը բնակչության կենսամակարդակի հնարավոր անկումը չի կարող կանխել, քանի որ սակագնի բարձրացումից շղթայական ռեակցիայով տուժելու են բոլոր խավերը՝ գործարարներից մինչև թոշակառուներ:

Քաղաքական նկատառումներից ելնելով՝ կառավարությունը գազի հարցում ավելի քան մեկ տարի է, ինչ մոլորության մեջ է պահում հասարակությանը: Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան մտնող ռուսական գազի սակագինը բարձր է եղել հայտարարվող գնից: Սակայն այս ամբողջ ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում էր, որ գազի գինը չի բարձրացել, և նախկինի նման ձեռք է բերվում $180/1000 խմ գնով: Նախարարը, իհարկե, չէր մեկնաբանում Մաքսայինի տվյալները, ըստ որոնց՝ արդեն 2012թ. Հայաստան մատակարարվող 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը բարձր էր պաշտոնյաների հայտարարածից:

Հանրությանը մոլորեցնելու գործին կամա թե ակամա մասնակից եղավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նա, խոսելով գազի թանկացման մասին բարձրաձայնողների մասին, ասաց. «Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին: Այո՛, կարող է նաև թանկանալ, կարող է և չթանկանալ»:
Ստացվում է, որ կա՛մ կառավարությունը Սերժ Սարգսյանին տեղյակ չի պահել գազի իրական գների մասին, կա՛մ էլ Սերժ Սարգսյանն է կառավարությանը հանձնարարել գազի գինը չհրապարակել, քանի դեռ քաղաքական գործընթացները չեն ավարտվել:

Բնականաբար, պատասխանատու պաշտոնյաները հանրությանը մոլորեցրել են հատուկ հրահանգի շրջանակներում: 2012-2013 թթ. տեղի էին ունենալու կարևորագույն երեք ընտրական գործընթացներ, հետևաբար ամեն գնով պետք էր հասարակությունից գաղտնի պահել գազի թանկանալու փաստը: Տարօրինակ զուգադիպությամբ՝ գազի սակագնի բարձրացման մասին հայտարարեցին Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո, երբ մինչև 2017թ. որևէ էական ընտրություն նախատեսված չէ:  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: