Գյուղացին մի քանի առումներով անպաշտպան է. Թ.Մանասերյան

Գյուղացին այսօր մի քանի առումներով անպաշտպան է. նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Երկիր մեդիա»-ի «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում: «Մեր ազգաբնակչության աշխատունակ զանգվածի գրեթե կեսը գյուղաբնակ է, և մեծ սխալ է պետության կողմից, որ հողակտորները օգտագործելը չի խրախուսվում, այլ հիմա արդեն մարդիկ վերադարձնում են իրենց հողակտորները, քանի որ պիտի հողի հարկ վճարեն, ու էլի մի շարք հարկեր, և համալրում են գործազուրկների բանակը»,- նշեց նա՝ հավելելով, որ հայը միշտ էլ դժվարությամբ է հրաժարվում սեփականությունից, և հիմա եթե հրաժարվում է, ուրեմն, իրոք, հողօգտագործման շատ անհարմար պայմաններ են ստեղծված: Նա հիշեցրեց, որ 2010-ին պետության անտարբերության ու սխալ քաղաքականության ներքո՝ շուրջ 21 տոկոս անկում է ապրել գյուղատնտեսությունը:

Ըստ Մանասերյանի՝ լուրջ բաթողում է նաև այն, որ գյուղացուն կոչում են ֆերմեր, սակայն «ֆերմեր»-ի իրավական սահմանումը նույնիսկ տրված չէ: «Շատ է խոսվում պետություն-մասնավոր հատված բարեփոխումների մասին, սակայն առանց հասարակական գործոնի ներգրավվածության՝ թափանցիկության մասին խոսք լինել չի կարող: Այսինքն՝ նաև սոցիալական հատվածի ներգրավվածությունն է պետք. երբ մարդը մասնակցի որոշակի ծրագրի մշակմանը, ինքը կզգա, որ այդ ծրագրի մի մասն է: Դա հոգաբանական պահ է, սակայն շատ կարևոր է տնտեսագիտական առումով»,- ասաց Մանասերյանը:

Անդրադառնալով կարկտահարությանը, որից մեծապես վնասվել են Արմավիրի 47 համայնքներ՝ նա նշեց, որ պետության աջակցությունը այս սեփականատերերին անհրաժեշտ է: «Բայց պիտի լինի ադեկվատ աջակցություն»,- նշեց նա:

Դիտարկելով հայության պոտենցիալը՝ Մանասերյանը լավատեսորեն խոսեց զարգացման մեծ թափի հնարավորության մասին, եթե միայն «չշարունակենք օգտագործել մեր ներուժի ընդամենը մեկ տոկոսն, ինչպես այսօր է, և կարողանանք մեր ռազմավարական դաշնակցության իմաստը իրացնել»:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել