21 մայիս, 2013 18:56

«Հավատքի շուկայում» գերիշխող դիրքի չարաշահում

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է աշխարհի 199 երկրներում և տարածքներում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ ամենամյա՝ 2013թ. զեկույցը: Զեկույցն արձանագրում է, որ անցյալ տարի Հայաստանում կրոնական ազատությունների ոտնահարման էական դեպքեր չեն արձանագրվել, սակայն որոշ օրենքներ և ձեռնարկված քայլեր սահմանափակում են այդ ազատությունները: Այդ սահմանափակումների թվում նշվում է Հայ առաքելական եկեղեցու գերակա դիրքը, դպրոցներում Հայոց եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը և այլն...

Առհասարակ կրոնական անհանդուրժողականությունն ու կրոնական ազատությունների սահմանափակումը գալիս է պետության և Առաքելական եկեղեցու (առաջին հերթին՝ որպես ազգային կառույցի) թուլությունից: Խնդիրն այն է, որ Հայաստանում պետությանն ու Հայ առաքելական եկեղեցուն չի հաջողվել գտնել լուծումներ, որ հնարավորություն ստեղծվի ապահովել մաքսիմալ հանդուրժողականության մթնոլորտ, և այդ հանդուրժողականությունը չսպառնա ազգային և պետական շահին ու անվտանգությանը:

Մի կողմից կրոնական տարբեր հոսանքների էքսպանսիային նպաստում է կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, երբ սոցիալապես խոցելի շերտերը հեշտությամբ հարում են այս կամ այն կրոնական հոսանքին, մյուս կողմից՝ Հայ առաքելական եկեղեցին՝ աշխարհիկ վայելքներով ապրող իր վերնախավով: Բիզնես լեզվով ասած՝ Առաքելական եկեղեցին, «հավատքի շուկայում» ունենալով գերիշխող դիրք, էապես զիջում է մրցակիցներին:

Հասարակության շրջանում Հայոց եկեղեցու հեղինակությունը խիստ անկում է ապրել հատկապես հասարակական-քաղաքական խնդիրների շուրջ նրա ղեկավարության խիստ կրավորական և իշխանամետ դիրքորոշման պատճառով: Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից շատերը վերածվել են իշխանությունների սպասարկուների:

Համեմատության համար նշենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցին՝ Իլյա Բ-ի գլխավորությամբ, վրաց հասարակության շրջանում անվիճելի հեղինակություն է: Իլյա Բ-ի մեկ կոչով փողոց կարող են դուրս գալ տասնյակ հազարավոր մարդիկ: Վրաց եկեղեցու բարձր հեղինակության պատճառն այն է, որ նրա ղեկավարությունը չի սերտաճել տվյալ պահին գործող իշխանությանը և չի դարձել նրա փաստաբանն ու ինդուլգենցիա գրողը:

Երկրում կրոնական ազատություններ ապահովելու և ազգային սյուներից մեկը՝ Հայ առաքելական եկեղեցին անսասան պահելու լուծումը միմիայն վերջինիս մաքրումն է օդիոզ վերնախավից:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: