Ո՞ւր է միջին օղակը

Իշխանությունների գործողությունների կամ անգործության դեմ հանրային բողոքի տարատեսակ դրսևորումները վերջին շրջանում ակտիվացել են: Սպանված զինվորի հարազատներ, կարկտահարությունից տուժած գյուղացիներ, գազի սակագնի բարձրացումից դժգոհ քաղաքացիներ և այլն: Հատկանշական է, որ քաղաքացիների դժգոհության դրսևորումներն ավելի ու ավելի շատ սկսել են կրել հրապարակային և ծայրահեղական բնույթ:

Հասարակության շրջանում առկա այս միտումը քաղաքական և պետական համակարգի դեգրադացիայի հետևանքն է, արդյունքը այն բանի, որ նշված համակարգերը դադարել են իրացնել իրենց ներհատուկ գործառույթները:

Հասարակությունն արդեն դադարել է քաղաքական ուժերին դիտարկել որպես տարբեր ատյաններում իր շահերը սպասարկող և իրացնող գործոնի: Կուսակցությունները մեկուսացված են հասարակությունից և հասարակական գործընթացներից: Ընտրությունից ընտրություն նրանք սկսում են զբաղվել հասարակության խնդիրներով՝ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով: Բացառությամբ մի քանի դեպքերի՝ միջանկյալ ժամանակահատվածում նրանք բացասական երևույթներ արձանագրողի դերում են, որոնք իրադարձություններին նայում են դիտորդի կարգավիճակում: Օրինակ՝ կարկտահարությունից տուժած Արմավիր մարզի ավելի քան 40 գյուղերի բնակիչների բողոքի գործողություններին խորհրդարանում ներկայացված ոչ իշխանական ուժերը համարժեք չարձագանքեցին և արդյունավետ ճնշումներ չբանեցրին կառավարության վրա: Ընտրությունների ընթացքում նրանք հաստատ հիշելու են արմավիրցի գյուղացիների դժբախտության մասին՝ պոստ ֆակտում:

Իր հերթին պետական ապարատի նկատմամբ հանրային վստահության մակարդակը վտանգավոր աստիճանի վրա է: Պետական ապարատի նույնիսկ միջինից բարձր պաշտոնյաները զրկված են ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից և կառավարվում են մեկ կենտրոնից թելադրվող որոշումներով: Ստեղծվել է իշխանության այնպիսի ուղղահայաց, երբ իշխանության ներկայացուցիչները միջին ու բարձր օղակներում վերածվել են պարզ կատարողների: Հանրային հնչեղություն ստացած յուրաքանչյուր խնդիր լուծվում է նախագահական նստավայրում: Այդ պատճառով է, որ քաղաքացիները, կենցաղային ամենատարրական խնդիրներից սկսած, մինչև կարկտահարություն կամ աշխատավարձերի ուշացում, դիմում են գործող նախագահին: Նախագահի ինստիտուտը գործառույթների տեսանկյունից այնքան է մանրացել և արժեզրկվել, որ հանրությունը ակամա նախագահին նույնացնում է մարզպետի, գյուղապետի, գործարանի տնօրենի կամ լավագույն դեպքում՝ գյուղնախարարի հետ: Ոչ առանց հիմքերի՝ հանրային այս ընկալումը բավական վտանգավոր է հենց նույն պետական համակարգի համար. կառավարությունն ու Ազգային ժողովը վերածվել են նախագահականի կցորդների՝ սահմանափակելով ինքնուրույն որոշումներ կայացնելու իրենց իրավունքը:

Մեկնաբանել