Բանակում կատարված հանցագործությունների պատշաճ քննություն չի իրականացվում. Ա.Սաքունց

Մարդիկ փողոց են դուրս գալիս, երբ կա երևույթների խրոնիկ կրկնություն. նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում: «Բանակում կատարված հանցագործությունների, սպանությունների ծառայողական պատշաճ քննություն չի իրականացվում»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքը հետազոտել է ծառայողական քննությունները, և վստահ է, որ դրանք չեն հանգեցնում պատշաճ պատասխանատվության, ինչն էլ չի նվազեցնում դրանց կրկնման հավանականությունը: «Ասենք, սպանություն է տեղի ունեցել, մեկին տեղափոխում են մի զորամասից մյուսը, կամ պաշտոնից հեռացնում, բայց քրեական պատասխանատվություն չեն կրում զորամասի հրամանատարը, վաշտի հրամանատարը, մարդիկ, ովքեր անմիջականորեն պիտի պատասխանատու լինեն, պատասխանատու են»,- նշեց նա:

Սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատների ողբերգական ըմբոստությանն ու դին Երևան տեղափոխելու փորձին անդրադառնալով ՝ Սաքունցն այն որակեց «բունտ»: «Իսկ քաղաքացիների դեմ կառավարությունը հանել էր զինվորական ոստիկանների, զինծառայողների և նաև՝ սովորական ոստիկանների. ո՞վ էր հրաման տվել քաղաքացիների դեմ դուրս գալ նրանց, հարց է ծագում»,- նշեց նա: Սաքունցի հավաստմամբ՝ հարցն այն չէ, թե ճիշտ էր այդ բռնկումը, կամ ինչ հետևանքներ կունենար այն, այլ կարևոր է այն, որ հարկ էր նախորդ օրը այցելել սպանված զինծառայողի հարազատներին ու ցավակցել նրանց, ոչ թե առերեսվել նման իրավիճակի, նոր միայն գնալ ընդառաջ:

Անդրադառնալով պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Լյուքս Ստեփանյանի սպանության գործի հետաքննությունը վերցնելու է իր անմիջական հսկողության տակ՝ Սաքունցն ասաց. «Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են լինում, բայց դրանից հետո էլ շարունակվում են ոչ կանոնադրական հարաբերությունները, բռնությունները»:

Իրավապաշտպանն ասաց, որ զինված ուժերում չեն վերացվում խնդիրների պատճառները: «Հեռացվում է հրամանատարը կոռուպցիայի համար, բայց բանակին հետո էլի գոմեշի միս է մատակարարվում, կամ խոզի մսի մատակարարման տենդերը շահել է ընկերություն, որը սերտորեն կապ ունի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Ու խնդիրն այն է, որ այդ տենդերները գաղտնի են պահվում, հրապարակային չեն, ինձ դա ներսից՝ բանակից են հայտնել»,- նշեց նա: Սաքունցը հավելեց, որ տեղեկատվությունը տրամադրող սպաները, բնականաբար, չեն ասում իրենց անունները, քանի որ վստահ չեն, որ իրենց նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, սակայն նշված փաստերը որպես կանոն հետագայում հաստատվում են:

Զինուժում իրավապաշտպանը իրավունքների պաշտպանության դրական փոփոխություն չի նկատում: «Երբ Ծովագյուղում զոհված զինվորի գործը մտել է քննության, քննիչը ծնողներին ասել է՝ ես եմ ձեր պաշտպանը: Հիմա գործին նայում ենք՝ երեք կրակոցով ինքնասպանություն են ձևակերպել: Երեք կրակոցով: Էն էլ գնդացրի կրակոցներ: Ի՞նչ են արել. ծնողներին թյուրիմացության մեջ են գցել ու գործը ձևակերպել ինքնասպանություն: Այ, էսպիսի բաներ կան, որ ես ասում եմ՝ ոչ, չկա դրականը»,- նշեց նա:

Ըստ Արթուր Սաքունցի՝ ոչ թե իր և այլ իրավապաշտպանների քննադատությունն է խարխլում պատերազմական վիճակում գտնվող մեր բանակի հիմքերը, այլ՝ իր քննադատությանն արժանացած անարդարության դեպքերի թողտվությունը, անպատժելիությունը՝ բարձրաստիճան որոշ պաշտոնյաների նկատմամբ, չնահանջող կոռուպցիան:

Մեկնաբանել