23 մայիս, 2013 10:04

Լուծումներ որոնել Իրանում

Երեկ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից կազմակերպված «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» համաժողովի ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը, խոսելով Հայաստանի էներգետիկ խնդիրների և գազի սակագնի բարձրացման թեմայով, հայտարարել է. «Անհրաժեշտ է, որ Հայաստանն ուսումնասիրի էներգետիկ աղբյուրների օգտագործման հնարավորությունները։ Էներգետիկ անվտանգության և դիվերսիֆիկացման տեսակետից կարևոր է այլընտրանքային էներգետիկայի զարգացումը»: Դեսպանը նշել է, որ գազի գնի փոփոխությունը հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարց է, և իրենք հորդորում են, որ այդ աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկության ապահովմամբ:

Հեֆերնի հայտարարությունները բավական ուշագրավ են: Նախ՝ դեսպանի հորդորը գազի գնի փոփոխության գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու մասին առնվազն խոսում է այն մասին, որ որոշակի անվստահություն կա գազի սակագնի շուրջ բանակցությունների և այն ճշգրտելու ընթացքում: Հակառակ դեպքում անհրաժեշտություն չէր առաջանա դեսպանի մակարդակով թափանցիկության կոչ անել: Սա փաստացի գնահատական է կառավարության գործելաոճին:

Սակայն ռազմավարական առումով շատ ավելի կարևոր է էներգետիկ անվտանգության և դիվերսիֆիկացման խնդիրների արծարծումը ԱՄՆ-ի դեսպանի մակարդակով: Հայաստանի պարագայում էներգետիկ անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է նաև բնական գազի ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացումը: Բնականաբար, շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար բնական գազի ներկրման այլընտրանքային տարբերակ կարող է լինել Իրանը: Միջազգային սանկցիաների տակ գտնվող Իրանի հետ բարդ հարաբերություններ ունեցող ԱՄՆ-ի կողմից Հայաստանին էներգետիկ անվտանգության խնդիրը լուծելու կոչը խիստ հատկանշական է, քանի որ այդ խնդիրը լուծելու ցանկության դեպքում մենք կարող ենք նայել Իրանի ուղղությամբ:

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի գազային մահակի քաղաքականությունը մեղմելու համար ԱՄՆ-ը պատրաստ է աչք փակել Իրանից գազ ձեռք բերելու վրա և անտեսել միջազգային սանկցիաները: Հետաքրքիր է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Իրանից գազ չներմուծելու պատճառը համարում է այն, որ իրանական գազը կարող է ավելի թանկ լինել, քան ռուսականը, և օրինակ է բերում Թուրքիային վաճառվող իրանական գազի գինը: Սակայն շատ խորը մտածել պետք չէ հասկանալու համար, որ գազի սակագինը ձևավորվում է քաղաքական բաղադրիչներից, և իրանական գազը Հայաստանին կարող է վաճառվել շատ ավելի էժան:
Եթե հետևենք նախարարի տրամաբանությանը, ապա Ռուսաստանը Հայաստանին գազը պետք է վաճառեր ուկրաինական ու գերմանական գներով:  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: