Ընդունելության քննությունը ընդամենը դեկանի տեղակալի գործառույթ է

Գրեթե չորս տարի է, ինչ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են «Գնահատման և թեստավորման կենտրոն» (ԳԹԿ) ՊՈԱԿ-ի կողմից: Կառավարության 2012թ. որոշման համաձայն՝ բուհերի միասնական ընդունելության քննությունները նույնպես կազմակերպվում և անցկացվում են ԳԹԿ-ի կողմից: 2013թ. մի շարք բուհերի ռեկտորներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի վերջինս քննի այդ գործընթացի համապատասխանությունը Սահմանադրության հետ, քանի որ ըստ նրանց՝ ԳԹԿ-ի կողմից քննությունների անցկացումը հակասում է բուհերի ինքնավարության սկզբունքին: Թեմայի շուջ ՍիվիլՆեթը զրուցել է «Ազատ համալսարան» հիմնադրամի ղեկավար, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացված է ստորև:

— Պարոն Զոլյան, Դուք ճի՞շտ եք համարում ընդունելության քննությունների անցկացումը «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից:

— Ընդունելության քննությունը լավագույն դեպքում դեկանի տեղակալի գործառույթ է, և բնական է՝ ամեն ինչ նորմալ անցնում է, մարդիկ նորմալ ավարտում են դպրոցը, տալիս են իրենց գործը և ընդունվում են: Առհասարակ ո՛չ թերթերում են այդ մասին գրում, ո՛չ նախարարն է զբաղվում, ո՛չ էլ հետո նախագահը գնահատական է տալիս, որ այս տարի շատ լավ անցկացրինք ընդունելության քննությունները: Բնական է՝ պետք է նորմալ պայմաններ ստեղծել, որ մարդիկ մտահոգված չլինեն, և դա չդառնա համահայկական իրադարձություն:

— Հիմա ստեղծվե՞լ են այդ նորմալ պայմանները:

— Ո՛չ, և ձեր ասածը հենց դա է: Նախ՝ որքան տեղյակ եմ, այդ ոչ պետական բուհերի ռեկտորներն են դիմել:

— Այնտեղ նշված է՝ ոչ պետական բուհեր:

— Հասկանալի է նրանց մտահոգությունը, բայց ես չեմ ուզում անդրադառնալ կոնկրետ այդ դեպքին: Նաև գիտեմ, որ օմբուդսմենը դիմել է Սահմանադրական դատարան: Դա ինձ զարմացնում է. ինչու, որովհետև միգուցե տվյալ դեպքում պետք է դիմեին դատախազություն: Կա օրենքի ակնհայտ խախտում: Ընդունելության քննությունների հետ առհասարակ ո՛չ նախարարությունը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ կրթական թեստավորման կենտրոնը օրենքով չպետք է զբաղվեն: Ստեղծվել է մի հակաօրինական կառույց, որը զբաղվում է հակաօրինական գործունեությամբ: Հակաօրինական ասելով՝ նա չունի օրենքում ամրագրված այդ գործառույթը:

— Այսինքն՝ լիազորություն չունի անցկացնելու:

— Որպեսզի ճիշտ հասկանաք, ես մեջբերում անեմ [«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»] օրենքից, որն ասում է՝ ընդունելության քննությունների անցկացումը բուհերի իրավասությունն է: Եվ ի զարմանս ինձ՝ նշված չէ նաև 14-րդ կետը:

— Ո՞րն է:

— Սա հենց այդպես է՝ ընդունելություն: Այդտեղ չորս հոդված է, և այդտեղ ասվում է՝ բուհը ինչ պայմաններ պետք է բավարարի, ինչպես պետք է կազմակերպի ընդունելությունը: Այսինքն՝ պետք է ունենա լիցենզիա, համապատասխան մասնագիտություն, ենթադրենք՝ եթե լեզվաբանական համալսարան է, ֆիզիկայից ընդունելություն չի կարող ունենալ: Այսինքն՝ պահանջները, որոնց պետք է հետևի բուհը: Եվ «կառավարություն» բառը այնտեղ ընդամենը մեկ անգամ է հիշատակվում՝ կառավարությունը սահմանում է կարգ, այսինքն՝ այնպես չստացվի, որ ցանկացած բուհ լրիվ տարբեր է ընդունում: Մեկը, ենթադրենք, 8-րդ կրթությամբ մարդուն է ընդունում: Այսինքն՝ բուհերի համար հիմնարար սկզբունքներ պետք է սահմանի հենց կառավարությունը և դրանով պետք է իր գործը ավարտի:

— Եթե հստակեցնենք, կառավարությունը սահմանում է կարգը և չի խառնվում ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացին, բայց մեզ մոտ կարծես այդպես չէ:

— Կառավարությունը, սահմանելով կարգը, պետք է լավագույն դեպքում դիտորդի կամ հսկողի դերում լինի, բայց քանի որ այդ կարգը գրվում է այդպես, ու հիմնական գործակատարը դառնում է նախարարությունը կամ իրեն ենթակա կամ կից կառույցները: Տվյալ դեպքում թեստավորման կենտրոնն է ստեղծվել: Մինչև այդ ստեղծվում էին հանձնաժողովներ նախարարություններից: Այսինքն՝ կարգի մեջ գրված է մի բան, որ ակնհայտ հակասում է օրենքին: Իսկ արտասահմանցիներին կամ հասարակությանը խաբելու համար, թե իբր դա օրենքով է, ուղղակի այդ ցուցակը նախարարությունից գալիս է բուհ, և վերջնական հրամանը՝ այսինչ ուսանողի հետ պայմանագիր կնքելը, կատարում է տվյալ բուհի ռեկտորը:

Զրուցել է Դերենիկ Մալխասյանը

Մեկնաբանել